Iravaban.net–ը Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագիծը, որով առաջարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող ծրագիրը գործում է 2015 թվականից, իսկ ներկայում սոցիալական աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայր։ Գործող օրենքի ժամկետը լրանում է 2027 թվականի հունվարի 1-ին։
Նախագծով նախատեսվում է շարունակել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության հիմնական ծրագրերը, ինչպես նաև օրենքում ամրագրել մի շարք կարգավորումներ։
Ի՞նչ է նախատեսվում փոխհատուցել
Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և այնտեղ մշտական բնակություն ունեցող անձանց համար նախատեսվում է պետական բյուջեի միջոցներից մասամբ փոխհատուցել՝
- բնական գազի վարձավճարները,
- էլեկտրական էներգիայի վարձավճարները,
- ոռոգման ջրի վարձավճարները։
Միաժամանակ, բնական գազի բաժանորդ չհանդիսացող, սակայն սահմանամերձ համայնքում հաշվառված և մշտական բնակություն ունեցող անձանց համար նախատեսվում է փոխհատուցում՝ բնական գազի բաժանորդներին տրամադրվող փոխհատուցման չափով։
Փոխհատուցման կոնկրետ ծավալներն ու տրամադրման կարգը սահմանելու է Կառավարությունը։
Դասագրքերը՝ փոխհատուցմամբ
Նախագծով պահպանվում է նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում սովորողներին դպրոցական դասագրքերը փոխհատուցմամբ տրամադրելու հնարավորությունը։
Դասագրքերի փոխհատուցման չափորոշիչներն ու կարգը նույնպես սահմանելու է Կառավարությունը։
Անշարժ գույքի հարկի փոխհատուցում
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի վարչական տարածքում գտնվող՝
- գյուղատնտեսական նշանակության,
- բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների,
- դրանց բարելավումների
անշարժ գույքի հարկի տարեկան գումարը նախատեսվում է հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխարեն համայնքի բյուջե վճարել պետական բյուջեից՝ Կառավարության սահմանած կարգով։
Ականների պայթյունից վիրավորված քաղաքացիների համար՝ մինչև 3 մլն դրամ
Նախագծով առանձին կարգավորում է նախատեսվում սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից վիրավորված ՀՀ քաղաքացիների համար։
Նրանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվեն պետպատվերի շրջանակներում։
Եթե ականների պայթյունից վիրավորված անձը ճանաչվի հաշմանդամություն ունեցող անձ, նրան նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն՝ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից կախված.
- միջին աստիճանի դեպքում՝ 1 մլն դրամ,
- ծանր աստիճանի դեպքում՝ 2 մլն դրամ,
- խորը աստիճանի դեպքում՝ 3 մլն դրամ։
Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչվելու դեպքում նախատեսվում է 3 մլն դրամի միանվագ աջակցություն։
Ականների պայթյունից զոհված քաղաքացիների ընտանիքներին՝ 5 մլն դրամ
Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից զոհված քաղաքացիների ընտանիքներին նախատեսվում է տրամադրել միանվագ աջակցություն։
Առանձին օգնություն նախատեսվում է հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, ինչպես նաև տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար։ Դրա չափն ու տրամադրման կարգը սահմանելու է Կառավարությունը։
Բացի դրանից, ընտանիքին նախատեսվում է 5 մլն դրամի միանվագ գումարային հատուցում։
Նախագծով նաև սահմանվում է, թե ովքեր կարող են համարվել զոհված քաղաքացու ընտանիքի անդամներ՝ ամուսինը, զավակները, ծնողները, որոշակի պայմաններով՝ քույրերն ու եղբայրները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք։
Ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2028 թվականը
Նախագծով սահմանվում է, որ օրենքը գործելու է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
Հիմնավորման համաձայն՝ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է գնահատի ծրագրի արդյունավետությունը՝ դրա շարունակականության և հետագա երկարաձգման անհրաժեշտությունը գնահատելու և հիմնավորելու նպատակով։
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Նախագծի ընդունմամբ, ըստ հիմնավորման, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում։
Նշենք, որ խոսքը նախագծի մասին է, և առաջարկվող կարգավորումները կարող են փոփոխվել դրա հետագա քննարկման ընթացքում։