Քրեակատարողական ծառայության անցնել ցանկացողների համար նոր պայմաններ են առաջարկվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնների համալրման և ծառայության գրավչության բարձրացման նպատակով։

Ի՞նչ է նախատեսվում

Մեկամսյա ուսումնական դասընթացի ընթացքում վարձատրություն

Քրեակատարողական ծառայության պաշտոնի համար դիմած, օրենքով սահմանված պահանջները բավարարող և մրցույթը հաղթահարած, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մինչև պաշտոնի նշանակվելը մասնակցում են մեկամսյա ուսումնական դասընթացի։

Նախագծով առաջարկվում է այդ ժամանակահատվածում նրանց վճարել Հայաստանում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրություն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2024 թվականին դասընթացներին մասնակցել է 62, 2025 թվականին՝ 73, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 37 անձ։

2025 թվականի ցուցանիշի հիման վրա մեկամսյա դասընթացի համար նախատեսվող լրացուցիչ ֆինանսավորման հաշվարկային չափը կազմում է 6 մլն 935 հազար դրամ։

Փոխվում է նաև ատեստավորմանը մասնակցելու կարգը

Գործող կարգավորմամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոնում առաջին անգամ նշանակված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո։

Նախագծով այս սահմանափակումը վերացվում է։

Առաջարկվում է սահմանել, որ ծառայողը պարտավոր է ատեստավորմանը մասնակցել նշանակվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում։

Ո՞ւմ վրա է տարածվելու նոր կարգավորումը

Անցումային դրույթով նախատեսվում է, որ օրենքի այս կարգավորման իմաստով առաջին անգամ նշանակված ծառայողներ են համարվելու նաև այն անձինք, որոնք նախկինում ազատվել են քրեակատարողական ծառայողի պաշտոնից և 2024 թվականի հունվարի 1-ից հետո կրկին անցել են քրեակատարողական ծառայության։

Ե՞րբ կարող է ուժի մեջ մտնել

Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Կառավարության հիմնավորմամբ՝ փոփոխությունների նպատակն է բարձրացնել քրեակատարողական ծառայության գրավչությունը և նպաստել համակարգում առկա թափուր պաշտոնների համալրմանը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment