Վարպետ, ուսուցիչ, անսամբլի հիմնադիր․թավջութակահար Գերոնտի Թալալյան-100․ «Արդեն 100 տարի»

Մեծանուն թավջութակահար, երաժշտական հայտնի ընտանիքի ներկայացուցիչ Գերոնտի Թալալյանն այս տարի կդառնար 100 տարեկան:

Երկու աշխարհամարտերի միջով որպես հմուտ զինվորական անցած Սեմյոնի երկու որդիներն էլ՝ թավջութակահար Գերոնտին և նրա ավագ եղբայրը՝ ալտահար Հենրիխ Թալալյանը, ծնվել են Երևանում: Ի դեպ, հունական ստուգաբանությամբ «Գերոնտիոս» նշանակում է «հարգարժան ծերունի» կամ «իմաստուն»: Գերոնտին բավական մեծ էր՝ 15 տարեկան, երբ սկսեց զբաղվել թավջութակով:

Ի վերջո, 1951 թվականին նա ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան, դարձավ Հայֆիլհարմոնիայի մենակատար, ապա՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր: Համերգային գործունեությանը զուգահեռ՝ Գերոնտի Թալալյանն ի սկզբանե զբաղվել է մանկավարժությամբ՝ կրթելով թավջութակահարների հրաշալի սերունդ:

1951 թվականին իր լավագույն ուսանողներից նա հիմնում է Թավջութակահարների անսամբլը: Այդ երաժիշտները հետագայում դարձան օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի առանցքը:

Շատ անվանի կոմպոզիտորներ՝ Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը և այլք, այս անսամբլի և հենց Գերոնտի Թալալյանի համար հատուկ ստեղծագործություններ են գրել: Իսկ ինքը՝ երաժիշտը, համաշխարհային երաժշտական գոհարների փոխադրումներ է կատարել անսամբլի համար։

Գերոնտի Թալալյանը կյանքից հեռացավ 2000 թվականին, սակայն թալալյանական թավջութակի հրաշալի հնչողությունն այսօր էլ կենդանի է Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվող բազմաթիվ ձայնագրությունների շնորհիվ:

Թալալյանի որդին՝ Արամը, ապահովում է հոր կատարողական արվեստի և մանկավարժական գործի շարունակականությունը:

Leave a Comment