2026 թվականը բնապահպանական օրակարգի համար առանձնահատուկ տարի է, քանի որ այս տարի տեղի են ունենում Ռիոյի երեք կոնվենցիաների COP-երը:
Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի կոնֆերանսը՝ CBD COP17-ը, իսկ նոյեմբերին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 31-րդ կողմերի կոնֆերանսը՝ UNFCCC COP31-ը, կհյուրընկալի Թուրքիան։ Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 17-րդ նստաշրջանն արդեն իսկ կայացել է օգոստոսին՝ Մոնղոլիայում: Այս համաժողովի արդյունքների և Հայաստանում սպասվող համաժողովից ակնկալիքների մասին կխոսենք առաջիկա րոպեների ընթացքում։
Օգոստոս ամսին Մոնղոլիայում տեղի ունեցավ «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 17-րդ նստաշրջանը։ Հայաստանի պատվիրակությունը նույնպես մասնակցել է համաժողովին։
«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 17-րդ կոնֆերանսի՝ COP17-ի և դրա հիմնական արդյունքների մասին «Էկոսֆերայի» տաղավարում զրուցել ենք ՀՀ ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանի հետ։
196 երկրի ներկայացուցիչներ երկու շաբաթ քննարկումներ են անցկացրել, կոնվենցիայի իրականացմանն առնչվող խնդիրներն են շոշափել, սակայն որոշում այդպես էլ չի ընդունվել, մանրամասնում է Նարինե Հակոբյանը։


Երաշտն այսօր լոկ բնապահպանական խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների, գյուղական համայնքների և, ընդհանուր առմամբ, երկրների սոցիալ-տնտեսական կայունության վրա։
Վերադառնալով Մոնղոլիայում COP17-ի շրջանակներում հանդիպման արդյունքներին՝ Հակոբյանն ասաց, թեև երկրները չկարողացան վերջնական համաձայնության գալ երաշտի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր գլոբալ համաձայնագրի կամ արձանագրության ստեղծման շուրջ, սակայն որոշվեց՝ երաշտի հարցը պետք է մնա Կոնվենցիայի մշտական օրակարգում և քննարկվի նաև հաջորդ COP-երում։
Այսուհանդերձ, Մոնղոլիա ժամանած երկրների պատվիրակություններն ակնկալում էին, որ որևէ որոշում կկայացվի, սակայն, փաստացի, ԱՄՆ-ն թելադրեց ընթացքը՝ այսպես ասած՝ անակնկալի բերելով COP-ի մասնակից անդամներին։


Միջազգային այս գործընթացները մեզ համար միայն արտաքին քաղաքական կամ բնապահպանական օրակարգի հարց չեն։ Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի, որպեսզի մեր երկրում սպասվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի կոնֆերանսում՝ CBD COP17-ում, ընդունվեն որոշումներ։
Ինչո՞ւ է սա կարևորվում, որովհետև կոնվենցիայի գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում իրականացման մեխանիզմները մշակվում և վերանայվում են հենց COP-ի շրջանակներում։ Այսինքն՝ COP-ը պարզապես համաժողով չէ, որտեղ երկրները հավաքվում են և քննարկումներ են անցկացնում։ Այն հարթակ է, որտեղ ձևավորվում են քաղաքական որոշումներ, սահմանվում են առաջնահերթություններ և որոշվում են հետագա գործողությունների ուղղությունները։


Ինչ վերաբերում է Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քննարկման շարունակությանը, ապա հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2028 թվականին՝ այս անգամ Եգիպտոսում։ Իսկ այս տարի բնապահպանական մեկ այլ՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովը սպասվում է Թուրքիայում, նոյեմբեր ամսին։
Նշված երեք կոնվենցիաները միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը և հողերի դեգրադացիան առանձին խնդիրներ չեն։ Դրանք փոխկապակցված գործընթացներ են և շատ դեպքերում մեկը մյուսին խորացնում են։