Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են քրեական հետապնդման իրականացման պայմաններին, մեղադրյալի բացակայությամբ վարույթի իրականացմանը և դատական փորձաքննությունների արժեքի հաշվարկմանը։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ քրեական վարույթ չնախաձեռնելու դեպքում քրեական հետապնդում չի կարող իրականացվել, սահմանել, թե ինչ պայմաններում է մեղադրյալի բացակայությամբ վարույթը դառնում պարտադիր, ինչպես նաև Կառավարությանը վերապահել դատական փորձաքննությունների արժեքի որոշման միասնական չափորոշիչներ սահմանելու իրավասություն։
Քրեական վարույթ չնախաձեռնելու դեպքում քրեական հետապնդում չի կարող իրականացվել
Գործող կարգավորմամբ քրեական հետապնդումը չի կարող հարուցվել, իսկ հարուցվածը պետք է դադարեցվի, եթե քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
Նախագծով առաջարկվում է այս դրույթը լրացնել ևս մեկ կարևոր հիմքով՝ եթե քրեական վարույթ ընդհանրապես չի նախաձեռնվել, քրեական հետապնդում նույնպես չպետք է իրականացվի։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ քրեական վարույթը օրենքով սահմանված կարգով նախաձեռնելը քրեական հետապնդման իրականացման անհրաժեշտ դատավարական նախապայման է։ Այսինքն՝ քրեական հետապնդումը կարող է իրականացվել միայն արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Օրենսգիրքը նախատեսում է, որ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում քննիչը պետք է քրեական վարույթ նախաձեռնի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։
Ինչո՞ւ է սա կարևոր
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ յուրաքանչյուր հանցագործության դեպքի առթիվ պետք է նախաձեռնվի առանձին քրեական վարույթ, և քննությունը պետք է իրականացվի դրա շրջանակում։
Այս սահմանափակումը նպատակ ունի թույլ չտալ, որ քննության ընթացքում իրավասու մարմինները դուրս գան տվյալ քրեական վարույթի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակից և փաստացի քննեն մեկ այլ հանցագործության դեպք՝ առանց դրա վերաբերյալ առանձին վարույթ նախաձեռնելու կամ գործող վարույթի շրջանակը պատշաճ կերպով փոփոխելու։
Այսպիսով, առաջարկվող փոփոխությամբ օրենսգրքում ավելի հստակ կարտացոլվի այն սկզբունքը, որ նախաձեռնված քրեական վարույթը քրեական հետապնդման իրականացման նախապայման է։
Մեղադրյալը չի մասնակցո՞ւմ վարույթին․ այն կարող է շարունակվել նրա բացակայությամբ
Փոփոխության երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է հեռակա վարույթին, այսինքն՝ մեղադրյալի բացակայությամբ քրեական վարույթի իրականացմանը։
Նախագծով առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ։ Դրանով նախատեսվում է, որ եթե մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց, վարույթն իրականացվում է նրա բացակայությամբ։
Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած բացակայության դեպքում գործը կարող է անմիջապես քննվել հեռակա կարգով։
Նախագծով պահպանվում են նաև մի շարք նախապայմաններ․ մասնավորապես՝ մեղադրյալը պետք է պատշաճ ծանուցված լինի իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ վարույթն իրականացնող մարմինը պետք է ձեռնարկած լինի անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ նրա մասնակցությունն ապահովելու համար։
Պարզապես չներկայանալը բավարար չէ
Նախագծի հիմնավորման համաձայն՝ հեռակա վարույթի համար անհրաժեշտ է, որ մեղադրյալը իր կամային և գիտակցված վարքագծով ցույց տա, որ խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։
Միաժամանակ, այս հանգամանքը պետք է հաստատվի վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված կոնկրետ գործողություններով։ Օրինակ՝ պետք է իրականացվեն մեղադրյալին պատշաճ կերպով տեղեկացնելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ։ Միայն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը կամ ենթադրությունը, որ մեղադրյալը կարող էր իմանալ քրեական հետապնդման մասին, բավարար հիմք չի համարվում։
Այսինքն՝ մեղադրյալի բացակայությունը ինքնին դեռ չի նշանակում, որ նրա նկատմամբ կարող է սկսվել կամ շարունակվել հեռակա վարույթ։ Նախ պետք է ապահովվեն օրենքով նախատեսված պայմանները։
Ի՞նչ է փոխվում գործող կարգավորման համեմատ
Գործող ձևակերպմամբ սահմանվում է, որ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կարող է իրականացվել այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։
Նախագիծը առաջարկում է փոխել այս տրամաբանությունը՝ սահմանելով, որ եթե մեղադրյալը խուսափում է վարույթին մասնակցելուց և մյուս անհրաժեշտ պայմանները առկա են, վարույթն իրականացվում է նրա բացակայությամբ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության նպատակն է բացառել գործող կարգավորման շրջանակում առկա հայեցողությունը։ Այսինքն՝ մեղադրյալի՝ մասնակցությունից խուսափելու փաստի և մյուս պայմանների առկայության դեպքում իրավական հետևանքը պետք է լինի հեռակա վարույթի իրականացումը։
Դատական փորձաքննությունների արժեքը կսահմանվի միասնական չափորոշիչներով
Փոփոխությունների երրորդ ուղղությունը վերաբերում է դատական փորձաքննություններին։
Նախագծով առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն՝ դատական փորձաքննության յուրաքանչյուր առանձին օբյեկտի համար միջին նորմատիվային ժամածախսը, դրա գնահատման չափանիշները և փորձաքննության արժեքը սահմանելու է Կառավարությունը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներում բացակայում են դատական փորձաքննությունների արժեքը որոշելու համապատասխան չափանիշները։ Դրա հետևանքով միասնական չափորոշիչներ չկան, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել փորձաքննության արժեքը։
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է այդ հարցում սահմանել միասնական մոտեցում՝ հաշվի առնելով փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները։
Ե՞րբ կուժի օրենքը
Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Քրեական դատավարության օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած գործնական խնդիրների լուծումն է։ Ընդունման դեպքում ենթաօրենսդրական մակարդակում ևս փոփոխություններ կպահանջվեն․ մասնավորապես, հիմնավորման մեջ նշվում է, որ լիազորող իրավանորմի ընդունման դեպքում փոփոխության ենթակա կլինի Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշումը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։