Ակնառու է, որ պաշտոնական Երեւանը առավելագույնն է անում «ադրբեջանցիների վերադարձի» թեման այսպես ասած հնարավորինս «մարգինալացնելու» եւ դրա հանդեպ հանրային ուշադրությունը լղոզելու, թեման արժեզրկելու համար։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունը չունի անելու այլ բան։ Իհարկե ոչ միայն այս հարցում, այլ Ադրբեջանին վերաբերող հարցերում առհասարակ։
Տվյալ պարագայում սակայն, ինչպես անդրադառնում եմ Օրվա թեմայի նախօրեի թողարկմանը, որի հղումը այս գրառման վերեւում է, մարտահրավերի գնահատումը Հայաստանի համար դառնում է սկզբունքային հարց։ Իսկ դրա համար առանցքային է հասարակությանը բացատրելը, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ հետեւանք է ունենալու այն։ Ընդ որում պարզաբնելով, որ «ադրբեջանցիների վերադարձ» ասվածը բացարձակապես ֆիզիկակա գործողությունիցղ կազմված պրոցես չէ։ Ֆիզիկականը դրա վերջին փուլն է, նույնիսկ մի փուլ, որն արդեն դարձած կլինի տեխնիկայի հարց։ Բուն պրոցեսը՝ իրավա–քաղաքականն է, որը հիմա առաջ է տանում Ադրբեջանն ու այդպիսով Հայաստանն առնում աքցանի, շրջափակման մեջ։
Եթե մինչեւ Արցախի օկուպացիան՝ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանն ուզում էին ենթարկել տրանսպորտային շրջափակման, եւ արել էին դա իրենց մասով, ապա հիմա Ադրբեջանը բացել է տրանսպորտային որոշ ուղիներ, անցնելով արդեն իրավա–քաղաքական շրջափակում իրականացնելու գործին։ Իսկ տրանսպորտային որոշ ուղիների բացումը ծառայում է հենց այն հանգամանին, որ հեշտ լինի Հայաստանի բթացնել հանրության զգոնությունը եւ համարժեքությունը։
Այստեղ իհարկե չափազանց կարեւոր է մնում հետեւյալ հանգամանքը․ եթե Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի այդ հավակնությունը խնդիր եւ բարձրաձայնում է այն, դրա անընդունելիությունը, արդյո՞ք դա նշանակում է խաղաղությունը դնել կասկածի տակ, թե՞ դա քարոզչական հնարք է։
Այս հարցի որեւէ՝ մաթեմատիկական ճշգրտությամբ պատասխան տալ հնարավոր չէ։ Որովհետեւ համաշխարհային զարգացումները մեր դիրքից կանխատեսելի չեն, իսկ ռեգիոնում պատերազմի եւ խաղաղության հարցը պայմանավորված է հենց միջազգային շարժերի եւ գործոնների տրամաբանությունից։ Հետեւաբար, քանի դեռ աշխարհում առկա է այս մեծ տուրբուլենտությունը, քանի դեռ խոշոր ուժային կենտրոնները բացահայտորեն են խոսում մինչեւ անգամ միմյանց դեմ պատերազմելուց (կպատերազմեն իրականում, թե ոչ՝ այլ հարց է), պարզապես ծիծաղելի է խոսել, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղություն հաստատել մի ռեգիոնում, որը առանցքային օղակ է աշխարհաքաղաքական կարեւոր շղթայում։
Հետեւաբար, առարկում ես Ադրբեջանին, թե» լռելյայն ընդունում դրա բոլոր պահանջներն ու հավակնությունները՝ խաղաղության հեռանկարի եւ հուսալիության տեսանկյունից ըստ էության միեւնույն է բացարձակապես։
Որովհետեւ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ անունը կա, իսկ ամանում՝ ՉԿԱ։ Ներկայիս եղածը քարոզչություն է, ոչ թե խաղաղություն։ Ներկայիս եղածը դե ֆակտո կայունություն է, ոչ թե ամրագրված ռազմա–քաղաքական եւ սոցիալ–հոգեբանական խաղաղություն։
Ըստ այդմ, քո շահերը պաշտպանելով, չես կարող հարվածի տակ դնել մի բան, որը չկա։ Փոխարենը, չպաշտպանելով քո շահերն ու իրավունքները քաղաքական հարթակի վրա, քաղաքական դիրքորոշմն եւ սկզբունքային փաստարկների համատեքստում, դու պարզապես հարվածի տակ ես դնում քո որեւէ սուբյեկտային տեղ ու դեր թե ներկայի, թե ապագայի համար։ Իսկ դա նշանակում է, որ քեզ քայլ առ քայլ զրկում ես խաղաղության որեւէ հեռանկարի հարցում ռիսկեր ու հնարավորություններ կառավարելու թեկուզ ամենահամեստ հնարավորությունից։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան