Ղազախստանն ու Գերմանիան նախատեսում են համագործակցել էներգետիկ անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Եվրոպա նավթի և գազի մատակարարումների ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ղազախստանի և Գերմանիայի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Ղազախստանի նախագահի Բեռլին կատարած պաշտոնական այցի արդյունքներով ընդունված հռչակագրում։
«Նախագահները ողջունում են էներգետիկ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև էներգակիրների, այդ թվում՝ Եվրոպա նավթի և գազի մատակարարման աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացման նպատակով սերտ համագործակցությունը։ Կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը Ղազախստան-Գերմանիա էներգետիկ երկխոսության շրջանակում և Աստանայում գործող H2-Diplo գրասենյակի միջոցով (Գերմանիայի ԱԳՆ-ի՝ կլիմայական և էներգետիկ օրակարգին ուղղված նախաձեռնություն՝ խմբ.)՝ էներգամատակարարման հուսալիության ամրապնդման, էներգետիկ միջանցքների զարգացման, արդյունաբերության ածխածնազերծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների և կանաչ ջրածնի օգտագործման ընդլայնման նպատակով»,– ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթում։
Հռչակագրում նշվում է, որ Աստանն ու Բեռլինը նաև ողջունել են Կենտրոնական Ասիայի երկրների և Գերմանիայի համագործակցությունը «C5+1» ձևաչափով և ակնկալում են առաջիկայում նոր գագաթնաժողովի անցկացում։
«Նախագահները հաստատում են իրենց աջակցությունը Կենտրոնական Ասիայի և Գերմանիայի միջև ռազմավարական տարածաշրջանային գործընկերությանը, որի սկիզբը դրվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Բեռլինում կայացած «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» առաջին գագաթնաժողովում և որը հետագա զարգացում է ստացել 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Աստանայում կայացած երկրորդ գագաթնաժողովում։ Նրանք բարձր են գնահատում 2026 թվականի փետրվարի 11-ին Բեռլինում այս ձևաչափով արտգործնախարարների հանդիպման արդյունքները և ողջունում են մոտ ապագայում երրորդ գագաթնաժողովի անցկացման ծրագրերը»,– ասվում է փաստաթղթում։