Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցը

Ադրբեջանն ու Բելառուսը Բաքվում անցկացվող միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում քննարկել են տեխնոլոգիաների փոխանակումն ու ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների ընդլայնումը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեն։

Բանակցությունները վարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը։

Բանակցությունների առանցքում էին ռազմատեխնիկական համագործակցությունը, համատեղ նախագծերն ու արդյունաբերական հետագա կոոպերացիան։

Բելառուսական գերատեսչությունից հայտնել են, որ բանակցությունները շարունակել են բելառուսա-ադրբեջանական նախորդ բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ավելի վաղ Հասանովն ու Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ևս քննարկել էին ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։

2024 թվականի հունիսին Politico-ն հայտնել էր, որ Բելառուսը 2018-2022 թվականներին առաջատար սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, ինչը Բաքվին առավելություն է տվել Հայաստանի հետ ռազմական հակամարտությունում։ Նույն թվականի հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահից պահանջել էր ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարությունների համար։

Բելառուսը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, սակայն Երևանի մասնակցությունը կազմակերպությանը փաստացի սառեցված է։ 2024 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի բարձր և բարձրագույն մակարդակի միջոցառումներին։ Նույն տարվա հունիսին Փաշինյանը հայտարարել էր, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և որ հայ պաշտոնյաները ևս չեն մեկնի այդ երկիր։

Leave a Comment