Զեկույցից հետո ի՞նչ քայլեր է անելու եկեղեցու բարենորոգության խորհուրդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զեկույցից հետո ի՞նչ քայլեր է անելու եկեղեցու բարենորոգության խորհուրդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կառավարության զեկույցի հրապարակումից հետո քննարկումները կրկին ակտիվացել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձավ այս զեկույցին՝ ասելով, որ իրավիճակը ճգնաժամային է․

«Զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի»։

74-էջանոց փաստաթուղթը ներկայացնում է Եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ կառավարության արձանագրումներն ու դրանց լուծման առաջարկները։

Մայր Աթոռը ևս արձագանքել է հրապարակված փաստաթղթին՝ նշելով, որ ջանքեր են գործադրվում եկեղեցական կյանքում արհեստական ճգնաժամ առաջ բերելու համար։

Ի՞նչ է սպասվում այսքանից հետո, ի՞նչ է անելու Եկեղեցու բարենորոգության խորհուրդը։

Ըստ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ իրենց խորհուրդը զբաղված է զեկույցում ներկայացված գործընթացների և բարեփոխումների օրակարգի առաջմղմամբ․

«Առաջին կետն իրազեկումն էր, և պիտի ասել, որ էսօր արդեն 99.9 տոկոսով մեր հանրությունը տեղյակ է՝ ինչ է կատարվում Եկեղեցու շուրջ։ Զեկույցը մի տեսակ ամփոփում է իրազեկման գործընթացը»։

Սարոյանը, սակայն, շեշտում է, որ բարենորոգման գործընթացը չի կարող սահմանափակվել միայն կաթողիկոսի հեռացման հարցով․

«Դրանով մենք նեղացրած կլինենք էս կարևոր գործընթացը։ Դա խոչընդոտ է էդ ճանապարհին, բնականաբար, և էդ խոչընդոտը կվերացվի ամենաճիշտ ու ընդունելի տարբերակով»։

Նրա խոսքով՝ Բարենորոգության շարժումն այս ընթացքում ակտիվ կերպով քննարկում է նաև այլ թեմաներ՝ քահանաների նյութական խնդիրը, կուսակրոնության խնդիրը, Եկեղեցու թափանցիկ կառավարումը, առաքելության ու հովվական խնամքի հարցերը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Բարենորոգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, ու այնտեղ ներգրավվեն նաև հավատացյալները․

«Եկեղեցին հոգևոր դասը չէ․ հոգևոր դասը կարևոր մաս է Եկեղեցում, բայց Եկեղեցին յուրաքանչյուր մկրտված քրիստոնյան է, որն իրեն Եկեղեցու անդամ է զգում կամ Եկեղեցու կյանքով է ապրում։ Այսինքն, ընդարձակելով բարենորոգության շարժումը՝ մենք նաև մեր հավատացյալների, մեր Եկեղեցու անդամների ձայները կներգրավենք բարենորոգության գործընթացում»։

Սարոյանն ասում է, որ ինքը և մի շարք այլ հոգևորականներ դեմ են եղել զեկույցի հրապարակմանը։ Միաժամանակ, ըստ նրա, փաստաթուղթն ամբողջացնում է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատկերացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment