ՔԻՀԿ-ն հայտնել է Երևանի քաղաքապետարանի կողմից հավաքների կամայական սահմանափակման մասին

2026թ․ սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը նախատեսվող հավաքների նկատմամբ կիրառել է կամայական սահմանափակումներ, հայտնել է «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը» (ՔԻՀԿ)։

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ առաջին դեպքը վերաբերում է ՌԴ քաղաքացի Յան Սլովիցկիի իրազեկմանը՝ սեպտեմբերի 20-ին ժամը 12։00–16։00-ին Ալ․ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ։ Նախատեսված հավաքի օրը ՌԴ-ում Պետդումայի ընտրություններն էին և Մյասնիկյանի արձանին մոտակայքում գտնվող ՌԴ դեսպանատանը անցկացվում էր քվեարկություն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հավաքի նպատակը Ուկրաինայում պատերազմի և ՌԴ իշխանությունների քաղաքականությանը դեմ արտահայտվելն էր:

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի կայքում առկա տեղեկության համաձայն՝ Սլովիցկիի կազմակերպած հավաքի նկատմամբ կիրառվել էր սահմանափակում։ Քաղաքապետարանն առաջարկել էր մասնակիցներին՝ «Հավաքի ժամանակ չտարածել այնպիսի հայտարարություններ և չհնչեցնել այնպիսի կոչեր, ինչպես նաև չօգտագործել այնպիսի իրեր և առարկաներ (պաստառներ և այլն), որոնց համակցությունը կդիտվի որպես ընտրական գործընթացի քարոզչություն»։
Նշվում է, որ խաղաղ հավաքի շրջանակներում իշխանությունների քննադատությունը (ներառյալ՝ օտարերկրյա) սահմանափակելը որևէ պարագայում իրավաչափ չէ։

ՔԻՀԿ-ն հավելել է, որ քաղաքապետարանի ձևակերպումները, ըստ էության, ՌԴ-ում անցկացվող ընտրությունների «լռության օրվա» սահմանափակումներ են, իսկ այլ պետության օրենքը չի կարող գործել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Երկրորդ սահմանափակումը վերաբերում էր սեպտեմբերի 27-29-ը Ազատության հրապարակում արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների հարցերով նախատեսված հավաքին։

Կազմակերպիչները դիմել էին սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնել, իսկ քաղաքապետարանն առաջարկել է այն կազմակերպել սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում։

ՔԻՀԿ-ն շեշտել է, որ խաղաղ հավաքների անցկացման ավանդական վայր ընկալվող Ազատության հրապարակում հավաքի տևողության նման սահմանափակումը չի կարող հիմնավորվել որպես այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակման պատճառաբանությամբ։

Հավաքի կազմակերպչի խոսքերով՝ քաղաքապետարանից հայտնել են, «որ այս փուլում ակցիաներ իրականացնելը նպատակահարմար չեն համարում» և սահմանափակումը պայմանավորել մոտ մեկ ու կես տարի առաջ անցկացված մեկ այլ հավաքի ընթացքում «խախտումների» հետ։

Կազմակերպությունը նշել է, որ «նպատակահարմարությունը» խաղաղ հավաքների ազատության սահմանափակման իրավաչափ նպատակ չէ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածին։ Բացի այդ՝ սահմանափակումը չի կարող բխել միայն նախկինում նույն կազմակերպչի կամ մասնակիցների հավաքի փորձից, անգամ եթե դրանց ընթացքում տեղի են ունեցել բռնություններ։

Նաև հավելել են, որ քաղաքապետարանի վկայակոչած՝ 2025թ․ մարտի 29-ին մեկնարկած հավաք-նստացույցն ամբողջությամբ խաղաղ էր, և քաղաքապետարանի պնդումներն ավելի քան հիմնավորված չեն։

Leave a Comment