Զինվորական հաշվառման ենթակա քաղաքացիների հաշվառման կարգը կփոխվի․ ինչ է առաջարկվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է «Պաշտպանության մասին» օրենքի կարգավորումները համապատասխանեցնել անձը հաստատող փաստաթղթերի և բնակչության պետական ռեգիստրի ոլորտներում նախատեսվող նոր իրավակարգավորումներին։

Ի՞նչ է փոխվելու

Գործող կարգավորումներով զինապարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել զինվորական հաշվառման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ։

Նախագծի հիմնավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ, ինչպես նաև նոր իրավակարգավորումներ են նախատեսվում բնակչության պետական ռեգիստրի ոլորտում։

Նոր կարգավորումների շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելու կամ անձը հաստատող փաստաթղթով փաստաթղավորելու գործընթացներում զինվորական հաշվառված լինելու կամ զինվորական պարտավորություն ունենալու դեպքում զինվորական կոմիսարիատից որևէ փաստաթուղթ ներկայացնելու պարտավորություն կամ պահանջ չի նախատեսվելու։

Ի՞նչ է առաջարկվում «Պաշտպանության մասին» օրենքում

Նախագծով առաջարկվում է «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ։

Դրանով նախատեսվում է, որ զինապարտներին ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կկատարվեն նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

Նախագծի հիմնավորմամբ՝ 2026 թվականի մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը։

Այն ուժի մեջ է մտնելու էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, սակայն ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

Բացի այդ, 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

Նախագծի հեղինակները նշում են, որ անհրաժեշտություն է առաջանում «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել անձը հաստատող փաստաթղթերի և բնակչության պետական ռեգիստրի ոլորտներում նախատեսվող նոր իրավակարգավորումներին՝ բացառելով տարբեր իրավական ակտերով սահմանված պահանջների միջև հնարավոր անհամապատասխանությունները։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգավորումների համապատասխանությունը անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման և բնակչության պետական ռեգիստրում հաշվառման ոլորտներում նախատեսվող նոր իրավակարգավորումներին։

Միաժամանակ, նախատեսվում է ապահովել իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը և քաղաքացիների հաշվառման, հաշվառումից հանելու ու փաստաթղթավորման գործընթացների իրականացումը՝ առանց զինվորական հաշվառման փաստը հավաստող լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու պահանջի։

Ե՞րբ կգործի փոփոխությունը

Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի նոյեմբերի 1-ից և կգործի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

Նախագիծը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 20-րդ կետով՝ «Նույնականացման և իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրում», սահմանված նպատակին։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment