Ֆրանսիայում պետական հատվածի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի շարք ավագ դպրոցներ արգելափակվել են կամ դրանց արգելափակման փորձեր են իրականացվում։ Մեկ շաբաթվա ընթացքում արգելափակվել է 180 ուսումնական հաստատություն։
Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ամբողջ երկրում նախատեսված է 160 ցույց՝ ուսուցիչների, բուժաշխատողների, հարկային տեսուչների, քաղաքապետարանների և տարածաշրջանային ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև հրշեջների մասնակցությամբ։ Պահանջների հիմքում աշխատավարձերի բարձրացման պահանջն է՝ պայմանավորված գնաճի վերսկսմամբ։
Բողոքի ակցիաներին միացել են նաև աշակերտները, որոնք պահանջում են լուծել ուսուցիչների և անձնակազմի պակասի խնդիրը:
Միայն Փարիզում արգելափակվել է առնվազն 10 ավագ դպրոց։ Փարիզի տարածաշրջանում ընդհանուր առմամբ արգելափակվել է 28 ավագ դպրոց, և այս գործընթացը տարածվել է նաև երկրի այլ շրջաններում։ Դպրոցներ արգելափակվել են նաև Նիցցայում, Մարսելում և Լիլում։