«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները չեն մասնակցել ընկերությունը գերակա շահ ճանաչելու կառավարության նախագծի հանրային երկրորդ լսումներին, քանի որ գործընթացը ձևական են համարում, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Ալոյանը։
Ալոյանը շեշտել է, որ սեփականատեր կողմը չի ցանկանում «շոուի մասնակից դառնալ»։ Փաստաբանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ինը երկրորդ նշանակված լսումն էր, իսկ առաջին լսման մասին սեփականատեր կողմը նույնիսկ չի ծանուցվել: Արդեն երկրորդ լսումը նշանակվել է ավելի լայն իրազեկմամբ, հավելել է նա։
Ալոյանը շեշտել է, որ սեփականատեր կողմը չի ցանկանում «շոուի մասնակից դառնալ»։
Սեպտեմբերի 28-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի էր ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Նախարարության կողմից սոցցանցերում հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, որ «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչները բացակայում են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լսումը 10 րոպե է տևել։ Թերթը գրել էր նաև, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ «սեփականատերերը ծանուցվում են, սակայն չեն մասնակցում հանրային լսումներին»։
Ալոյանի խոսքով՝ սեպտեմբերի 28-ինը երկրորդ նշանակված լսումն էր։ Նա պնդել է, որ առաջին լսման մասին սեփականատեր կողմը չի ծանուցվել, իսկ երկրորդը նշանակվել է արդեն ավելի լայն իրազեկմամբ։
«Առաջին անգամ մեզ ընդհանրապես չէին ծանուցել։ Իրենք իրենցով հանրային լսումներ էին արել։ Հավանաբար իրենց միջազգային իրավախորհրդատուներն են հուշել, որ շատ վատ են արել, որ մեզ պատշաճ չեն ծանուցել, և խորհուրդ տվել իբր իրական հանրային լսումների ավելի մեծ շղարշ ստեղծել։ Դրանից հետո նորից լսում նշանակեցին, սկսեցին լրատվամիջոցներով տարածել, ծանուցումներ իրականացնել»,- ասել է Ալոյանը։
Փաստաբանը երկրորդ լսմանը չմասնակցելու որոշումը բացատրել է նրանով, որ սեփականատեր կողմը գործընթացը նաև իրական չի համարում։ Որպես հիմնավորում նա հիշատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պետրոսյանի՝ ընկերության պետականացման վերաբերյալ նախկին հայտարարությունները։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԷՑ-ն արդեն «դե ֆակտո պետականացված է», իսկ կառավարության վերջնական նպատակն է, որ ընկերությունը նաև դե յուրե արձանագրվի որպես Հայաստանի սեփականություն։ Նրա խոսքով՝ Պետրոսյանն էլ օրերս է հրապարակավ հայտարարել, որ ինչ ուզում է լինի՝ ընկերությունը պետականացվելու է։
«Այսինքն՝ փաստացի հայտարարում են, որ այդ գործընթացը ձևական երևույթ է։ Իմաստ չունի գնալ ու ձևականությանը մասնակցել»,- ասել է Ալոյանը։
Ալոյանը նաև հայտարարել է, որ, իրենց գնահատմամբ, գործընթացը հակասում է ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժի որոշմանը։ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը դեռ 2025-ի հուլիսին պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ ընկերության բռնագրավման քայլերից։
«Արբիտրաժային դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, որը պարտադիր կատարման ենթակա է, որով ասում է՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելուն ուղղված գործընթացներ մի իրականացրեք։ Փաստացի գործընթաց են իրականացնում, որն արդեն իսկ արգելված է դատական ակտով։ Հիմա գնա՞նք այդ շոուի մասնակից դառնանք՝ իմաստ չունի»,- շեշտել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ սեփականատեր կողմի համար այս պահին ավելի էական է ներպետական դատական գործընթացը։ Ալոյանը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ վարչական դատարանում նախատեսված է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործով նիստ։
Փաստաբանը հիշեցրել է, որ առաջին ատյանի դատարանը լիցենզիայի դադարեցման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի յոթ հիմքից չորսն անհիմն է ճանաչել։ Սեփականատեր կողմն այժմ ակնկալում է, որ Վերաքննիչ դատարանը կանդրադառնա մնացած հիմքերին։
Իսկ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի դեմ առանձին իրավական գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին ի պատասխան Ալոյանն ասել է, որ այս պահին այն դեռ նախագիծ է, ուստի սեփականատեր կողմը սպասում է կառավարության վերջնական որոշմանը։
«Նախագիծը պետք է դեռ ընդունվի կառավարության կողմից, կյանքի կոչվի, և մեր կողմից նոր դրա դեմ ուղղված գործողություն կձեռնարկվի։ Փաստացի սպասում ենք դրան»,- ասել է նա։
Փաստաբանը քննադատել է նաև ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկված 380 հազար դոլար գինը՝ այն անվանելով «խայտառակ»։ Նրա խոսքով՝ առաջարկված գինը ևս վկայում է գործընթացի «ձևական բնույթի» մասին։
«Եթե պետությունն իրականում մտադրություն ունենար իրական գնով ձեռք բերել, կարող էր իրական գին առաջարկել։ Դա ևս շատ ցցուն ցուցիչ է, որ գործընթացն ամբողջությամբ ձևական բնույթ է կրում»,- եզրափակել է Ալոյանը։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել ընկերության սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։
Կարդացեք նաև՝
ՀԷՑ-ը հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան
ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական սեփականատիրոջը. Կարապետյան
Աննա Բադալյան
