Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ այսուհետ կարելի է արտահանել առավելագույնը 1 միլիոն ռուբլի կանխիկ (շուրջ 4,4 միլիոն ՀՀ դրամ)։ Համապատասխան կարգավորումը ներառվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրում, որն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Նոր կարգավորմամբ՝ ֆիզիկական անձանց արգելվում է Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան արտահանել 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվել է որևէ չափի կանխիկ ռուբլի արտահանել։ Պահանջները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք կզրկվեն սահմանաչափը գերազանցող գումարից, իսկ իրավաբանական անձինք՝ ամբողջ կանխիկ միջոցներից։
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ֆիզիկական անձինք 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար կարտահանեն՝ ներկայացնելով բանկային քաղվածքներ, որոնք կհաստատեն գումարը հաշվից կանխիկացնելու փաստը։ Առանձին կանոններ են նախատեսված նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային փոխադրումների համար։
Ռուսաստանի կառավարությանը և Կենտրոնական բանկին հանձնարարվել է եռամսյա ժամկետում հաստատել նոր կանոններով արտահանվող կանխիկ ռուբլու հաշվառման կարգը։
