
Այս տարի լրանում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակը։ Թանգարանն անցել է դժվարին ու բարդ ճանապարհ՝ պարբերաբար տեղափոխվելով մի վայրից մյուսը, մինչև որ վերջնական հանգրվան է գտել Երևանի քաղաքապետարանի շենքում։ Ավելի հարմար տեղ դժվար է նույնիսկ պատկերացնել։
Թանգարանի հարուստ հավաքածուն կարող է շատերին հիացնել ու նախանձ շարժել։ Ավելի քան 100 հազար ցուցանմուշները պատմում են մայրաքաղաքի մասին՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը։
Այստեղ ներկայացված են Շենգավիթի, Էրեբունու և Կարմիր բլուրի հնավայրերից գտնված իրեր, որոնք վկայում են Երևանի հազարամյա պատմությունը, իսկ հին Երևանի մանրակերտը մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների շրջանում։
Թանգարանն ունի նաև ազգային տարազների ու գորգերի հարուստ հավաքածու, որոնք լավագույնս ներկայացնում են երևանցիների կենցաղն ու սիրած զբաղմունքները։



Բացի ցուցադրությունից, թանգարանն իրականացնում է հետաքրքիր կրթական ծրագրեր։ Հատկապես ամառային ամիսներին երևանցի երեխաները տարբեր նախագծերի միջոցով ծանոթանում են քաղաքի անցյալին ու հարուստ պատմությանը՝ էլ ավելի ամրապնդելով սերն ու կապը մայրաքաղաքի հանդեպ։
Թեև թանգարանն այսօր էլ տարածքային որոշակի սահմանափակումներ ունի, բայց դա չի խանգարում, որ ամեն օր հարյուրավոր այցելուներ գան այստեղ՝ բացահայտելու իրենց քաղաքի պատմությունը։ Հոբելյանական 95-ամյակի առթիվ առաջիկայում կանցկացվի կարևոր միջազգային գիտաժողով։