Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել է թափոնների կառավարման ծրագիրը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվուիսթին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Շվեդիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը։

Նախարարը կարևորել է ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ոլորտներում SALAR International-ի հետ հաջող համագործակցության շարունակականությունը՝ տեղական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորություններին։

Քննարկվել է նաև թափոնների կառավարման ծրագիրը, որի նպատակն է բարելավել ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ներդնել թափոնների տեսակավորման և արդյունավետ կառավարման նոր մոդելներ։

Անդրադարձ է կատարվել Շվեդիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին ջրային ռեսուրսների կառավարման, ջրային ենթակառուցվածքների թվայնացման, ջրի արդյունավետ օգտագործման և ոռոգման համակարգերի կառավարման, երկրաբանական կարողությունների զարգացման ուղղություններին:

Leave a Comment