
Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ տեսակապի միջոցով, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Գերատեսչության փոխանցմամբ՝ սահմանափակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման անցումային գործընթացով: Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացված համակարգի գործարկում։
Ծառայության մատուցման վերսկսման հստակ ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում: