«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորն «օտարերկրյա գործակալ» է անվանել։ Նրա խոսքով՝ դա հաստատվում է «փաստերով և փաստաթղթերով»։ Գրիգորյանը չի հստակեցրել, թե ո՞ր երկրի մասին է խոսքը և ի՞նչ ապացույցների է հղում անում։
Գրիգորյանն արձագանքել է ԵԽԽՎ պահպանողականների խմբի ներկայացուցիչ, բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լիի ելույթին։ Նա հայտարարել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին ճնշման է ենթարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության կողմից։ Լիի ելույթն ուղեկցվել է ծափահարություններով։
Ի պատասխան՝ Գրիգորյանը Լիին «ոչ բավարար տեղեկացված» է անվանել և հայտարարել, որ իշխանությունները եկեղեցին «պաշտպանում են Կաթողիկոսից»։ Նա նաև Գարեգին Բ-ին մեղադրել է «Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններին» առնչություն ունենալու մեջ։ Պատգամավորը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։
Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ քրեական գործերին՝ Գրիգորյանը հայտարարել է, որ եպիսկոպոսները քրեական հետապնդման են ենթարկվում ոչ թե իրենց հոգևորականի կարգավիճակի պատճառով, այլ Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողությունների հետ կապված գործերով։ Նրա խոսքով՝ այդ գործերով վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը։
Ելույթի այս հատվածում ԵԽԽՎ նիստը նախագահողը ընդհատել է Գրիգորյանին և խնդրել վերադառնալ քննարկման թեմային։ Դրանից հետո պատգամավորին հնարավորություն են տվել շարունակել ելույթը։
Այնուհետև Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցին։ Նա հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են աշխատել ԵԽԽՎ-ի մատնանշած խնդիրների ուղղությամբ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման, լրատվամիջոցների անաչառության և ընտրական գործընթացի մատչելիության հարցերում։
Միաժամանակ պատգամավորը կոչ է արել զեկույցում ներկայացված պնդումներն ու գնահատականները չներկայացնել որպես հաստատված խախտումներ։
ԵԽԽՎ-ն սեպտեմբերի 28-ին քննարկել էր Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը։ Ընդհանուր դրական գնահատականին զուգահեռ՝ փաստաթղթում մատնանշվել են ընդդիմության ընտրովի քրեական հետապնդումը, պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը և երեք տեղամասերի արդյունքները չեղարկելու ԿԸՀ-ի որոշումը։
