Iravaban.net-ը ուսումնասիրել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ծրագրի գործողության ժամկետը և կատարել մի շարք փոփոխություններ։
Ծրագրի նպատակն է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, ընտանիքների ֆինանսական կայունությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը։
Ի՞նչ է փոխվելու
Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքային վարկի մարման աջակցության չափը, անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից, սահմանել 1 մլն դրամ։
Միաժամանակ առաջարկվում է փոփոխել ընտանիքի՝ այլ անշարժ գույք չունենալու պայմանը։
Այդ պայմանը ստուգվելու է դիմելու օրվա դրությամբ նախորդող 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները։
Փոփոխություն է նախատեսվում նաև անշարժ գույքի արժեքի սահմանաչափում։ Այն, անկախ երեխայի կարգաթվից, առաջարկվում է սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։
Ո՞վքեր կարող են օգտվել ծրագրից
Ծրագիրը նախատեսված է հիփոթեքային վարկ մարող ընտանիքների համար, որոնցում նոր երեխա է ծնվել։
Նախագծի համաձայն՝ աջակցության տրամադրումը կապվում է երեխայի ծննդյան հետ և նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին դիմել երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը։
Ե՞րբ կարելի է դիմել աջակցության համար
Նախագծով առաջարկվում է հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ նախորդ 12 ամիսների մարումների առկայությունը։
Միաժամանակ նախատեսվում է հնարավորություն տալ ընտանիքին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա մեկ տարին լրանալը, դիմել և ստանալ աջակցությունը։
Որքա՞ն ընտանիք կարող է օգտվել ծրագրից
Գործող ծրագրի փաստացի ցուցանիշների հիման վրա կանխատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից տարեկան շուրջ 1900 ընտանիք կդառնա ծրագրի շահառու։
Ըստ այդմ՝ ծրագրի տարեկան ծախսը կկազմի շուրջ 1 մլրդ 900 մլն դրամ։
Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել գործող ծրագրի շրջանակում
Նախագծի հիմնավորման համաձայն՝ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքի մարման աջակցությունից օգտվել է 10 064 ընտանիք։
Ընդ որում՝ 1165 ընտանիք աջակցությունից օգտվել է երկու անգամ, 43 ընտանիք՝ երեք անգամ, իսկ 2 ընտանիք՝ չորս անգամ։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են, որ աջակցությունը պահանջված է և ազդեցություն է ունեցել հիփոթեքային վարկ մարող ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա։
Ինչո՞ւ է շարունակվում ծրագիրը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի շարունակականության հիմքում դրված են սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական գործոնները։
Բնակարանի ձեռքբերումը, հատկապես երիտասարդ ընտանիքի համար, կյանքի ամենամեծ ֆինանսական որոշումներից մեկն է։ Բարձր արժեքի և երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների պայմաններում պետական աջակցությունը կարող է փոխել ընտանիքի բնակարանային որոշման իրագործելիությունը։
Ըստ նախագծի՝ ծրագրի շարունակականությունը դիտարկվում է ոչ միայն որպես գործող սոցիալական աջակցության մեխանիզմի պահպանում, այլև որպես երկարաժամկետ պետական ներդրում ընտանիքի կայունության և երեխաների բարեկեցության ապահովման գործում։
Ի՞նչ ակնկալվող արդյունքներ կան
Նախագծով ակնկալվում է՝
- ավելի մեծ թվով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում,
- երեխաներ ունեցող ընտանիքների ֆինանսական կայունության բարձրացում,
- երեխայի ծննդով պայմանավորված բնակարանային խնդիրների մեղմում,
- ծրագրի արդյունավետության բարձրացում,
- շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն,
- պետական բնակարանային և ժողովրդագրական քաղաքականությունների փոխկապակցվածության ուժեղացում։
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։