Ալին Կամակյանի մասին պատմող ֆիլմը Կաննում արժանացել է մրցանակի

28 Սեպտեմբերի 2026, 18:30

Լիբանանահայ ռեստորատոր Ալին Կամակյանի մասին պատմող «Feeding Hope- Chef Aline’s Story» ֆիլմը Cannes Corporate Media & TV Awards միջազգային կինոմրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։

Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես կարող է սնունդը վերածվել մարդկանց աջակցելու միջոցի ամենածանր իրավիճակներում։ 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Ալին Կամակյանը, որը «Mayrig» հայկական ռեստորանի հիմնադիրն է, իր հաստատությունը վերածել էր տուժածներին օգնություն ցուցաբերելու կենտրոնի։

Կամակյանի համար խոհարարությունը պարզապես մասնագիտություն չէ։ «Mayrig»-ի միջոցով նա տարիներ շարունակ ներկայացնում և հանրահռչակում է հայկական խոհանոցը՝ միավորելով ընտանեկան հիշողությունները, մշակութային ավանդույթներն ու հայկական սփյուռքի ժամանակակից կյանքը։
Խոհարար Ալին Կամակյանը միջազգային հարթակներում հայտնի է որպես հայկական խոհանոցի տարածող։ Նա «Batchig» և «Mayrig» ռեստորանների ցանցերի, ինչպես նաև GM Insurance & Investment Consultant IIC ապահովագրական ընկերության հիմնադիրն է։

Cannes Corporate Media & TV Awards-ը կորպորատիվ կինոյի, վավերագրական նախագծերի և աուդիովիզուալ աշխատանքների միջազգային մրցույթ է, որն անցկացվում է Կաննում 2010 թվականից։

Leave a Comment