Էլ-Նինյոն առաջիկա վեց ամիսներին կարող է մոտ կես միլիոն մարդու մահվան պատճառ դառնալ

Առաջիկա 6 ամիսներին Էլ-Նինյոյի երևույթի ազդեցության հետևանքով կարող է մահանալ ավելի քան 450 000 մարդ։ Այս մասին հայտնել է «Climate Impact Lab» հետազոտական կազմակերպությունը, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կանխատեսումների համաձայն՝ Էլ-Նինյոն, որը կարող է բերել անոմալ շոգեր և այլ վտանգավոր երևույթներ, կազդի ավելի քան 50 երկրի վրա, իսկ ամենից ուժեղ ազդեցությունը կզգան Նիգերիան, Ինդոնեզիան, Սուդանը, Հնդկաստանը և Բրազիլիան։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես կոչված «սուպեր Էլ-Նինյոն» կշարունակվի նաև 2027 թվականի գարնանը, սպասվում է, որ մահերի ընդհանուր թիվն էլ ավելի կաճի։ Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա ամիսներին ցամաքի գլոբալ ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1,2 °C-ով, ինչը համարժեք է այն ցուցանիշներին, որոնք գիտնականներն կանխատեսում են 20 տարի անց։

Los Angeles Times թերթը հաղորդել է, որ այս անգամ Էլ-Նինյոն, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ ամենահզորը 1950 թվականից ի վեր։

Էլ-Նինյոն բնական երևույթ է, որի դեպքում Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի ջերմաստիճանը բարձրանում է մինչև անոմալ արժեքների։ Այդ տաքացումը փոխում է օվկիանոսի և մթնոլորտի փոխազդեցությունը, որը կարող է առաջացնել գլոբալ մասշտաբի կլիմայական անոմալիաներ։

Չնայած գլոբալ վտանգներին՝ Հայաստանը, գտնվելով միջին լայնություններում և լինելով ցամաքային երկիր, ուղղակիորեն չի ենթարկվում Էլ-Նինյոյի կործանարար դրսևորումներին:

Leave a Comment