Գաղտնի տեղեկատվությունից մինչև մաֆիայի իրական դեմքը․ լրագրողական փորձը՝ Գդանսկի Breakwater-ում

Արևիկ Կիրակոսյան
Աստղիկ Սարգսյան

Լրագրողը երբեմն ստիպված է աշխատել այնտեղ, որտեղ տեղեկատվությունը փակ է, աղբյուրը՝ անհասանելի, իսկ սովորական մեթոդները բավարար չեն։ Այդ դեպքում հետաքննությունը պահանջում է ոչ միայն լրագրողական հմտություն, այլև տեխնոլոգիական գիտելիք, միջազգային համագործակցություն և նոր գործիքների կիրառում։ Լեհաստանի Գդանսկ քաղաքում այս օրերին այդ փորձով կիսվում են Եվրոպայի և հարակից տարածաշրջանների հարյուրավոր լրագրողներ՝ Breakwater միջազգային լրագրողական փառատոնի շրջանակում։

Գդանսկում լրագրողները ներկայացնում են ոչ միայն իրենց պատրաստած հետաքննությունները, այլև այն մեթոդները, որոնց շնորհիվ կարողացել են հասնել փակ տեղեկատվության։ Փառատոնի օրակարգում են պատերազմական լրագրությունը, կազմակերպված հանցավորության բացահայտումը, OSINT-ը, ստորջրյա հետաքննությունները, ինչպես նաև լրատվամիջոցների կառավարման և կայունության խնդիրները։

Ռուսաստանի ռազմական գործունեության վերաբերյալ հետաքննություններից մեկը հիմնված է եղել ստորջրյա նկարահանումների և տեխնոլոգիական միջոցների կիրառման վրա։ Լրագրողական խմբին հաջողվել է փաստագրել այնպիսի օբյեկտներ, որոնց մասին բաց աղբյուրներից տեղեկատվություն ստանալը չափազանց դժվար էր՝ պատմում է Հանրային ռադիոյի թղթակից Աստղիկ Սարգսյանը։

«Ինչպես հայթայթել ինֆորմացիա փակ, գաղտնի ռեժիմով, երբ ռուսական կողմը թաքցնում է այն։ Ֆինն լրագրողը գործակցել էր տեխնոլոգիաներ արտադրող ընկերության հետ՝ ստորջրյա նկարահանումներ արել հատուկ ռազմական նշանակության սարքերով և հայտնաբերել ամենավտանգավոր ռուսական նավը»։

Ստորջրյա հետաքննությունը փառատոնի ծրագրում առանձին ուղղություն է։ Լրագրողները քննարկում են Բալթիկ ծովի հատակում գտնվող վտանգավոր օբյեկտների, ծովային ենթակառուցվածքների և ռուսական ստվերային նավատորմի վերաբերյալ հետաքննությունները։

Մեկ այլ պատմություն տանում է Իտալիա՝ կազմակերպված հանցավորության աշխարհ։ Լրագրողները պատմում են, թե ինչպես է իրական մաֆիան հաճախ տարբերվում ֆիլմերում ստեղծված կերպարներից։ Հետաքննության ընթացքում ուշադրության կենտրոնում են ոչ միայն հանցավոր խմբերի ղեկավարները, այլև նրանց կապերը, ֆինանսական մեխանիզմներն ու ազդեցության ցանցերը։Աստղիկ Սարգսյան․

«Լեհ լրագրողը լուսաբանել էր իտալական մաֆիայի գործունեությունը և պատմեց, որ պարագլուխն իրական կյանքում այն մաչոն չէ, որին սովոր ենք տեսնել ֆիլմերում, այլ անմեղ տեսքով, «adidas» սպորտային հագուստով պապիկ, որը այգի է խնամում և կիրակի օրերը գնում եկեղեցի՝ պատարագի»։

Հետաքննող լրագրության մասին այս պատմություններից հետո քննարկման թեման փոխվում է, բայց խնդիրը մնում է նույնը՝ ինչպես ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ լրագրողը կարող է իր աշխատանքը կատարել երկարաժամկետ և առանց մասնագիտական ու անձնական սահմանների խախտման։

Փառատոնում այդ մասին խոսում են նաև լրատվամիջոցների ղեկավարները։ Փոքր խմբագրություններում սահմանափակ ռեսուրսների պատճառով մեկ մարդը հաճախ ստիպված է միաժամանակ մի քանի դեր ստանձնել՝ խմբագրական աշխատանքից մինչև ֆինանսական և կազմակերպչական հարցեր։

«Եվրոպական լրատվամիջոցներում ևս կարողությունների պակաս կա, բողոքում էին լրատվամիջոցների ղեկավարները, և հաճախ խմբագիրը միաժամանակ ֆինանսիստ է, հրատարակիչ, գործընկերություններ է հաստատում, թիմի «մայրն» է և այլն, այնինչ չի կարելի աշխատավայրը ընկալել իբրև «ընտանիք», պետք է սահմաններ ունենալ աշխատանքի և անձնական կյանքի միջև, սահմանել գործող կանոններ»։

Breakwater-ի քննարկումների առանցքում, այդպիսով, միայն լրագրողական աշխատանքի արդյունքը չէ։ Գդանսկում խոսում են նաև այն մասին, թե ինչ գործիքներով է հնարավոր հասնել փակ տեղեկատվությանը, ինչպես են փոխվում հետաքննության մեթոդները, և ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ լրագրողական աշխատանքի անկախությունն ու կայունությունը պահպանելու համար։

Leave a Comment