Հայկական արմատներով ռուսաստանցի գործարար, «Մագնիտ» խոշորագույն ցանցի հիմնադիր և համասեփականատեր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ և սեփականատեր Սերգեյ Գալիցկին Forbes-ի «Ժառանգություն» վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Forbes-ը գործարարներին գնահատել է ոչ թե նրանց կարողության չափով, այլ ստեղծած հասարակական նախագծերով՝ մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում։ Գալիցկին հավաքել է 116,4 միավոր՝ զիջելով միայն Ռոման Աբրամովիչին։
Գալիցկու հիմնական նախագծերը գտնվում են Կրասնոդարում։ Վարկանիշում ընդգրկվել են «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մարզադաշտն ու ենթակառուցվածքները, ակադեմիան, քաղաքային այգին, 7,5 հեկտար տարածք զբաղեցնող ճապոնական այգին, ինչպես նաև «Ամպերի այգին»։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել չորս չափանիշ՝ անձնական ներդրումների չափը, օբյեկտների այցելելիությունը կամ տարողունակությունը, նախագծերի նշանակությունը տարածաշրջանի համար և փորձագիտական գնահատականը։ Յուրաքանչյուր չափանիշ կազմել է վերջնական արդյունքի 25 տոկոսը։