«Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտնվել է իր պատմության ամենամեծ սկանդալի կենտրոնում և կարող է բախվել ծայրահեղ կոշտ պատժամիջոցների՝ ընդհուպ մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլից ամբողջական վտարում: Ինչպես հայտնել էր The Athletic-ը, ակումբը մեղավոր է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման 114 կետերով:

Չնայած լրատվամիջոցների ահագնացող պնդումներին, ակումբի վարչության նախագահ Խալդուն Ալ Մուբարաքը հանդես է եկել պաշտոնական ուղերձով՝ նշելով, որ դատավարությունը դեռևս ավարտված չէ։

«Գործընթացը դեռ հեռու է ավարտից։ Մենք նախկինի պես լիովին վստահ ենք մեր իրավացիության հարցում և վճռական ենք տրամադրված՝ ապացուցելու ակումբի անմեղությունը։ Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնցով կցանկանայի կիսվել ձեզ հետ, որպեսզի հասկանաք մեր դիրքորոշման հիմնավորվածությունը։ Սակայն իրավական պրոցեսի խիստ գաղտնիությունը թույլ չի տալիս դա անել այս պահին։ Անգամ այս նամակն անցել է իրավաբանական մի քանի ստուգումներ»,- ասված է Ալ Մուբարաքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում:

Սակայն իրավիճակը կարող է ճակատագրական լինել ոչ միայն ակումբի, այլև բարձրագույն ղեկավարության համար: Ակումբի սեփականատերերն ու ղեկավարները կարող են բախվել զանգվածային հրաժարականի պահանջի: Այդ «ծայրահեղ միջոցը» կկիրառվի այն դեպքում, եթե կառավարությանն առընթեր Ֆուտբոլի կարգավորման անկախ մարմինը (IFR) պաշտոնյաներին ճանաչի զբաղեցրած պաշտոններին «չհամապատասխանող»։

Ակումբին սպառնացող վտանգն ավելի քան իրական է դառնում նաև մարզական առումով: Լրագրող Բեն Ջեյքոբսի փոխանցմամբ՝ վատագույն սցենարի դեպքում «Մանչեսթեր Սիթին» կարող է ընդհանրապես հեռացվել անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլից:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2009-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածին: Դրանք կապված են ֆինանսական ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ֆուտբոլիստների և մարզիչների թաքնված վճարումների, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումների հետ: 2008 թվականին ԱՄԷ-ն ներկայացնող Abu Dhabi United Group-ի կողմից ակումբը գնելուց ի վեր թիմը 8 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, 4 անգամ՝ Անգլիայի գավաթը, 7 անգամ՝ Լիգայի գավաթը, և մեկ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ընդ որում, այս տիտղոսներից շատերը նվաճվել են հետաքննության մեկնարկից և մեղադրանքների առաջադրումից հետո:

Leave a Comment