ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վերաբերյալ բոլոր տարբերակները, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը։
Նրան հարցրել են, թե կարող է արդյոք հաստատել The Wall Street Journal-ի այն լուրը, որ ամերիկացի առաջնորդը քննարկում է Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։
«Սա անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվություն է։ Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ նախագահը քննարկում է աշխարհի անվտանգությունն ապահովելու բոլոր հնարավոր տարբերակները», – ասել է դիվանագետը։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ միշտ քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը։