Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական համակարգում գործում է «ստոպ» նոր պաշտպանիչ մեխանիզմը։ Դրա միջոցով սպառողը սեփական նախաձեռնությամբ կարող է արգելափակել հեռավար ֆինանսական ծառայությունները՝ առանձին կամ բոլորը միասին։
Կանոնակարգի պահանջները տարածվում են ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների վրա։
«Ստոպ»-ի միջոցով հնարավոր է սահմանափակել հեռավար դրամական փոխանցումները, երրորդ անձանց հաշիվներին կատարվող վճարումները, քարտային և որոշ վարկային գործառնություններ, ավանդների առանձին գործողություններ, ինչպես նաև նոր հաշվի կամ քարտի բացումն ու թողարկումը։
«Ստոպ»-ի գործարկումը չի նշանակում, որ սպառողը կորցնում է իր հաշվի, ավանդի կամ վարկի նկատմամբ իրավունքները։ Սահմանափակվում է միայն հեռավար գործարքներ կատարելու հնարավորությունը, իսկ հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները շարունակում են հասանելի լինել։
Գործիքը պետք է հասանելի լինի ֆինանսական կազմակերպության թվային հավելվածում՝ առանձին, տեսանելի և հստակ նշված կոճակի միջոցով։ Այն կարող է կիրառվել նաև կազմակերպության գրասենյակում կամ հեռախոսազանգով։ Թեմայի մանրամասները Iravaban.net-ի «Իրավական շաբաթ» հաղորդաշարի հերթական թողարկմանը ներայացրել են Կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը և «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանը։