Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվում է ժամանակակից կանացի հագուստի և աքսեսուարների WHITE Milano միջազգային ցուցահանդեսը։ Այս տարի միջոցառմանը ներկայացված են Հայաստանի տասը ապրանքանիշեր։
Մասնակիցների թվում են Boyakhchyan-ը (կոշիկ և հագուստ՝ ներշնչված Մուշի արհեստագործական ավանդույթներով), Charles Sahakyan-ը (մետաքսյա հավաքածուներ՝ նորաձևության և արվեստի հատման կետում), Dafni-ն (կանացի հագուստ՝ «Made in Armenia»), Gaya-ն (առօրյա և հարսանեկան զգեստներ), Lunaria Limited-ը (ազգային ավանդույթների և ժամանակակից գեղագիտության համադրություն), Mamòssa-ն (մինիմալիստական ուրվագծեր և ճարտարապետական ձևվածք), Nelly Serobyan-ը (դասական ոճ՝ պոստմոդեռնի տարրերով), Shamshik-ը (քաղաքային ոճ՝ հայկական զարդանախշերով), Tashchyan-ը (բարձրակարգ կաշվե պայուսակներ և աքսեսուարներ) և Twinz-ը (Գյումրիում պատրաստվող բացառիկ փայտյա արևային ակնոցներ)։
Հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի գործընկերների աջակցությամբ՝ GIZ ծրագրի շրջանակում։









