Ռուսաստանի հարվածները ուկրաինական տվյալների կենտրոններին և ինտերնետ-մատակարարների ենթակառուցվածքներին խափանումներ են առաջացրել մի շարք հեռուստաալիքների և տեսանյութերի ծառայությունների աշխատանքում։
Կիևում գտնվող Cosmonova տվյալների կենտրոնը երկու օր շարունակ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Առաջին հարվածը տեղի է ունեցել ուրբաթ, իսկ երկրորդը՝ շաբաթ օրը։
Cosmonova ընկերությունը հայտնել է, որ երկրորդ հարվածի հետևանքով վնասվել են իր հիմնական ենթակառուցվածքներն ու տվյալների կենտրոնը։
«Ցավոք, հարված է հասցվել կենտրոնին։ Մեր թիմն արդեն աշխատում է բոլոր ծառայությունները վերականգնելու ուղղությամբ՝ անվտանգ վայրերում գտնվող պահուստային կայքերից։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ ծառայությունների հասանելիությունը հնարավորինս արագ վերականգնելու համար»,-սոցիալական ցանցերում հայտնել է ընկերությունը։
Cosmonova-ի ենթակառուցվածքների խափանումների մասին հայտնել են նաև Novyny LIVE, Army TV և Mi-Ukraine+ հեռուստաալիքները։
Novyny LIVE-ը նշել է, որ Կիևում կապի մատակարարների օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով որոշ ծառայություններ գործում են ընդհատումներով, ինչն անդրադարձել է նաև հեռուստաալիքի հեռարձակմանը։ Միաժամանակ ալիքը հայտնել է, որ իր կայքը, սոցիալական ցանցերի էջերը և այլ հարթակներ շարունակում են գործել։
Suspilne-ը ևս հայտնել է տեխնիկական խնդիրների մասին։ Մասնավորապես, Cosmonova-ի տվյալների կենտրոնի վնասվելու հետևանքով իր կայքում տեսանյութերի ցուցադրման որոշ ծառայություններ ժամանակավորապես չեն աշխատում։
Cosmonova-ի տարածքում առաջին հարվածից հետո ուկրաինական Telegram ալիքները նույնպես հայտնել էին կապի խափանումների մասին։ Մասնավորապես, հաղորդվել էր, որ Կիևի կենտրոնում գտնվող Պրոտասովի անվան բիզնես կենտրոնում ընկերության ենթակառուցվածքներին հասցված հարվածից հետո ինտերնետ-մատակարարներից մեկի բաժանորդները մնացել էին առանց ծառայության։
Վերջին օրերին Ուկրաինայում հաղորդվում է տվյալների կենտրոնների և ինտերնետային ենթակառուցվածքների նկատմամբ ռուսական հարվածների մասին, որոնք կարող են ազդել կապի, հեռարձակման և առցանց ծառայությունների աշխատանքի վրա։