Չինաստանի կառավարությունից վարձակալված երկու հսկա պանդաներ կիրակի օրը ժամանել են Ատլանտա և ուղևորվել քաղաքի կենդանաբանական այգի։ Պանդաների տրամադրումը Պեկինի կողմից իրականացվող «պանդաների դիվանագիտության» երկարամյա ավանդույթի մի մասն է։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոնի միջազգային օդանավակայանում իր թիմին։
Պանդաները Չենդուից՝ Չինաստանի հարավ-արևմուտքից, Ատլանտա են տեղափոխվել FedEx-ի չվերթով։ Ընկերության ներկայացուցիչը CNN-ին ավելի վաղ հայտնել էր, որ FedEx-ը «հսկա պանդաների անվտանգ տեղափոխման երկարամյա փորձ ունի»։
Արու պանդային անվանել են Փին Փին, իսկ էգին՝ Ֆու Շուան։ Նրանց ժամանումը Ատլանտայի կենդանաբանական այգի մեծ հետաքրքրություն է առաջացրել, հատկապես այն պատճառով, որ հսկա պանդաները ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում հազվադեպ են հանդիպում։ Չինաստանը նաև մի քանի անասնաբույժների և մասնագետների է ուղարկել Ատլանտայի կենդանաբանական այգի։ Նրանք պանդաների կարանտինի ընթացքում կմնան կենդանիների հետ։
2024 թվականին Ատլանտայի կենդանաբանական այգին Չինաստան էր վերադարձրել այնտեղ պահվող չորս պանդաների՝ ավարտելով Չինաստանի հետ կնքված 25-ամյա համաձայնագիրը։
Չինաստանի պետական «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ թռիչքը տևել է մոտ 15 ժամ, պանդաները Չենդուից մեկնել են կիրակի առավոտյան՝ տեղական ժամանակով 02:55-ին։ Թռիչքը տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Վաշինգտոն կատարած պետական այցի ավարտից ընդամենը մեկ օր անց։
Այցի ընթացքում, որի նպատակներից էր ԱՄՆ-Չինաստան աճող լարվածության թուլացումը, Սին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են երկարաձգել առևտրային հրադադարը և երկու երկրների միջև ստեղծել արհեստական բանականության հարցերով թեժ գիծ։
