Հայաստանն ու Բենինը կդյուրացնեն պաշտոնական փոխայցելությունները․ վիզայի պահանջը կվերացվի

Հայաստանն ու Բենինը նախատեսում են փոխադարձաբար վերացնել դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջը։ Համապատասխան համաձայնագրի ստորագրումը, ըստ նախագծի հիմնավորման, կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացմանը և պաշտոնական ու աշխատանքային փոխայցելությունների իրականացմանը։

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության  սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բենինի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին»  համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար։

Համաձայնագրի կնքումը կնպաստի Բենինի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։

Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031թթ. ծրագրի «Արտաքին քաղաքականություն» գլխից՝ «Ջանքեր են գործադրվելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բենինի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը:

Leave a Comment