Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել ՀՀ-ին․ Աբրահամյան

Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ դրա հստակ ազդակներն են ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «100 հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ փաստացի ոտնձգությունը։

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը», ինչը հիմնված է անվերջանալի զիջումների տրամաբանության վրա, երբեք իրական խաղաղություն չի բերելու․ այն միայն դուռ է բացում թշնամու նոր հավակնությունների, Հայաստանի սուվերեն տարածքների և մեր մշակութային ու հոգևոր ժառանգության հաշվին արվող նոր զիջումների համար»,- գրել է պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ Ուժեղ Հայաստանում իրենց քաղաքական ուժը բերելու է խաղաղություն՝ առանց զիջումների՝ հիմնվելով հավասարակշռված դիվանագիտության և տնտեսական հզոր զարգացման վրա։

Նա նաև նշել է, որ արտաքին խաղաղություն հնարավոր չէ կառուցել, եթե խաղաղություն չկա մեր սեփական տանը, եթե երկրի ներսում տիրում է պառակտումն ու անորոշությունը։

«Միայն ներքին համերաշխության, հզոր տնտեսության և արժանապատիվ արտաքին քաղաքականության համադրությամբ է հնարավոր կերտել անվտանգ ու ապահով ապագա»,- հավելել է Աբրահամյանը։

Leave a Comment