Սեպտեմբերի 22-ին Բեռլինի Kesselhaus համերգասրահում տեղի է ունեցել «Հայկական մշակույթը` Բեռլինում» խորագրով համերգային երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, հայկական մշակույթին և հայ-գերմանական մշակութային կապերին։
Միջոցառումը մեկ բեմում համախմբել էր երեխաների, ծնողների, երաժիշտների, արվեստագետների, մշակույթի գործիչների և բազմաթիվ հանդիսատեսների։
Երեկոյի ընթացքում հայկական մշակույթը ներկայացվեց երաժշտության, պարի և կենդանի կատարումների միջոցով։ Համերգի հատուկ հյուրերից էր Արգենտինայի կառավարության կողմից հայ մշակույթի և խաղաղության դեսպան ճանաչված դուդուկահար Գագիկ Գասպարյանը։
Նա իր խաղաղության ծրագրով հանդես է եկել աշխարհի շուրջ 20 երկրներում՝ երաժշտությունը և մշակույթը դիտարկելով որպես ժողովուրդների միջև կապ ստեղծելու միջոց։ Բեռլինի բեմում Գագիկ Գասպարյանը հանդես եկավ որպես մենակատար։ Նրա դուդուկի կատարումները հանդիսատեսին փոխանցեցին հայկական երաժշտության խորությունն ու հուզականությունը։
Միջոցառման հատուկ հյուրն էր նաև Անտոնիո Սարաֆյանը՝ Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախկին նախագահը, ՀԲԸՄ համաշխարհային կենտրոնական վարչության պատվավոր անդամ և մշակութային գործիչ։ Նրա մասնակցությունն ընդգծեց հայկական մշակութային կյանքի միջազգային և սփյուռքյան կապերի կարևորությունը։ Համերգի երաժշտական ծրագրում հայկական դուդուկի կողքին հնչեցին նաև գերմանացի դուդուկահարներ Սյորեն Բիրկեի և Անդրե Մասների կատարումները։ Նրանց մասնակցությունը ստեղծեց հայկական և գերմանական երաժշտական միջավայրերի յուրահատուկ մշակութային երկխոսություն։
«Գիտելիք» դպրոցի սաները երեկոյի կարևորագույն մասնակիցներն էին։ Երեխաներն ամիսներ շարունակ պատրաստվել էին համերգին և մեծ բեմում հանդես եկան պրոֆեսիոնալ երաժիշտների կողքին։ Նրանց մասնակցությունը համերգին ուներ ոչ միայն գեղարվեստական, այլև կրթական նշանակություն։ Երեխաների համար սա հնարավորություն էր՝ հայկական մշակույթը ներկայացնելու լայն հանդիսատեսի առջև, ձեռք բերելու բեմական փորձ և իրենց ստեղծագործական աշխատանքը կապելու հայկական մշակութային ժառանգության հետ։ «Գիտելիք» դպրոցի սաների մասնակցությունը նաև ընդգծեց նոր սերնդին հայկական լեզուն, մշակույթը, երաժշտությունն ու ազգային ժառանգությունը փոխանցելու կարևորությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև Բեռլինի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Հակոբը։
Երաժշտությունը՝ որպես մշակույթների կամուրջ
«Հայկական մշակույթը` Բեռլինում» համերգը դարձավ ոչ միայն երաժշտական երեկո, այլև Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի ընթացքում հայկական և գերմանական երաժշտական ավանդույթները հանդիպեցին մեկ բեմում։
Համերգի կազմակերպիչն էր Բեռլինի «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիր ու տնօրեն Լիլիթ Հակոբյանը։