Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի ավելի քան 51 հազար քմ մակերեսով ճանապարհահատվածը կվերանորոգվի։ Նախագծի համաձայն՝ աշխատանքների համար նախատեսվում է 277.8 մլն դրամ, իսկ փողոցի տվյալ հատվածում վերջին անգամ հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ իրականացվել են ավելի քան 15 տարի առաջ։
Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի (Տ. Պետրոսյան փ. – Սասնա Ծռեր փ. շրջանաձև երթևեկությունից մինչև Տ. Պետրոսյան փ. – «Գրին Վիլ» բնակելի համալիր և Տ. Պետրոսյան փ. շրջանաձև երթևեկությունից մինչև Տ. Պետրոսյան փ. – Եղվարդի խճուղի շրջանաձև երթևեկություն) 51,175 մ² ընդհանուր մակերեսով ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված ակնադիտական և գործիքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Պետրոսյան փողոցի նշված հատվածում առկա են մեծ ծավալի փոսեր, ցանցային ճաքեր և նստվածքներ: Նշված փողոցում հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ վերջին անգամ իրականացվել են 15 և ավելի տարիներ առաջ:
Վերոգրյալ խնդիրների լուծման նպատակով ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքների պայմանագիրը կնքվել է 2026 թվականի հուլիսի 17-ին, իսկ դրանց որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը՝ 2026 թվականի հուլիսի 28-ին՝ ընդհանուր 277,800.0 հազ. դրամ:
Անհրաժեշտ ֆինանսավորումը նախատեսվում է հատկացնել 1157 ծրագրի «21032. Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և միջին նորոգման աշխատանքներ» միջոցառման շրջանակներում նախատեսված տնտեսումներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 19-ի N 315-Ն որոշմամբ նախատեսվել էին ֆինանսական միջոցներ (նախահաշվային արժեքով) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բուզանդի, Պարոնյան, Պռոշյան և Սարյան փողոցների միջին նորոգման աշխատանքների համար: Նշված փողոցների աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքումից հետո առաջացել է 264,071.4 հազ. դրամի տնտեսում: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1048-Ն որոշմամբ Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված հատկացումների շրջանակներում կայացած մրցույթների արդյունքում պայմանագրերի (ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների) ընդհանուր արժեքը կազմել է 526,710.9 հազար դրամ, որի արդյունքում ձևավորված տնտեսումից առաջարկվում է հատկացնել 13,728.6 հազար դրամ, իսկ տնտեսված գումարի մնացորդային մասը՝ 5,080.1 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան:
Ակնկալվողարդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Տիգրան Պետրոսյան փողոցի 51,175 քմ մակերեսով ճանապարհահատվածի պատշաճ միջին նորոգումը, կվերացվեն ճանապարհային ծածկի դեֆորմացիաներն ու վնասվածքները, ինչը էապես կբարելավի երթևեկության անվտանգությունն ու հարմարավետությունը:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 18.08.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 3.2 կետի ոլորտային միջոցառումների իրականացումից: