Որ օբյեկտների մասին տվյալները կհայտնվեն միասնական շտեմարանում․ մանրամասներ

Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։  Հայաստանում նախատեսվում է ստեղծել և վարել կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային շտեմարան։ Նախագծով նախատեսվում է մեկ միասնական համակարգում հավաքագրել, գրանցել, թարմացնել և պահպանել օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտներում տվյալահեն պլանավորումն ու որոշումների կայացումը բարելավելու նպատակով։

 Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը․

Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի կատարմամբ՝ լիազոր մարմինը ստեղծում և վարում է կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտներ) աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) և բնակչության պաշտպանության (այսուհետ՝ ԲՊ) ոլորտում էլեկտրոնային շտեմարանը։ Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` մշակվում է «Կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով  անհրաժեշտություն է առաջանում օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը միասնական ձևաչափով։

Վերոգրյալով պայմանավորված, ԱՌԿ և ԲՊ ոլորտներում անհրաժեշտություն է առաջանում օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, գրանցումը, թարմացումը և պահպանումը մեկ միասնական համակարգում՝ շտեմարանում։

Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 12.08.2025թ․ N 705-Ա որոշման հավելվածի 55-րդ կետի կատարման պահանջից։

 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Օբյեկտների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության բացակայությունը սահմանափակում է փաստահեն ԱՌԿ գործողությունների պլանավորումը և իրականացումը, ինչպես նաև օբյեկտներին սպառնացող վտանգների, խոցելիությունների և ռիսկերի գնահատման ու մոդելավորման հնարավորությունները։

Կարգավորման առարկան.

Սույն իրավական ակտով կարգավորվում են օբյեկտների տվյալների էլեկտրոնային շտեմարանի վարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են շտեմարանում ներառվող տվյալների կազմը, դրանց ներկայացման, հավաքագրման, գրանցման, թարմացման, պահպանման, մշակման և օգտագործման կարգը, ինչպես նաև շտեմարանի վարման շրջանակներում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և օբյեկտներ շահագործող կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացները։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օբյեկտների վերաբերյալ տվյալների միասնական և համակարգված հաշվառումը, ինչը կնպաստի ԱՌԿ և ԲՊ ոլորտներում ռիսկերի գնահատման, պլանավորման, նվազեցման, արձագանքման և հետաղետային վերականգնման միջոցառումների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև կապահովի ոլորտում տվյալահեն կառավարման և հիմնավորված որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվական հիմքը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան», որի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել բնական, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը,

ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է զարգացնել աղետների ռիսկի կառավարման արդյունավետ և տվյալահեն համակարգ՝ ապահովելով բնակչության, տնտեսության, ենթակառուցվածների և տարածքների պաշտպանվածությունը,

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված  «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է զարգացնել աղետների գնահատման համակարգը և ապահովել ռիսկերի տվյալահեն գնահատումը։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․

Սույն իրավական ակտի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

Leave a Comment