Եկեղեցու վերաբերյալ զեկույցը քննարկումների թեմա է դարձել իշխանության ներսում․ ԶԼՄ

Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ հրապարակված 70 էջանոց զեկույցը քննարկումների թեմա է դարձել իշխող թիմի ներսում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ իշխանական շրջանակներում տարակուսած են Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորության շուրջ։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական պատգամավորները կարծում են, որ զեկույցում ներկայացված մեղադրանքները հստակ ապացույցներով հիմնավորված չեն և առավելապես հիմնված են մամուլի հրապարակումների վրա։

Նրանք նաև անհասկանալի են համարում, թե ինչ պետք է քննի հանձնաժողովը, եթե զեկույցում ներկայացված պնդումների համար իրավական հիմնավորումներ չկան։

Ըստ թերթի՝ իշխանական շրջանակներում հարցեր են առաջացրել նաև զեկույցում կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ ներկայացված պնդումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։

Սեպտեմբերի 24-ին կառավարությունը հրապարակել էր «Եկեղեցում առաջացած ճգնաժամի մասին» զեկույցը, որում 16 կետով ներկայացրել էր Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ գնահատականներն ու պնդումները և առաջարկել լուծումների ճանապարհային քարտեզ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցն անվանել էր հակասահմանադրական, հակականոնական և անօրինական՝ այն գնահատելով որպես միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։

Leave a Comment