
Ամերիկացի 14 սենատորներից բաղկացած երկկուսակցական խումբը (7 հանրապետական և 7 դեմոկրատ) նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով չեղարկել G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերը։
The Washington Post պարբերականի տվյալներով՝ նախաձեռնության հեղինակներն են հանրապետական Ռոջեր Ուիքերը և դեմոկրատ Ջին Շահինը, իսկ ստորագրողների թվում է նաև Սենատում հանրապետականների նախկին առաջնորդ Միթչ Մաքքոնելը։
Օրենսդիրներն ընդգծել են, որ Ռուսաստանի նախագահի մուտքը ԱՄՆ կարող է օրինականացնել ու նորմալացնել հարաբերությունները մի կառավարության հետ, որը շարունակում է պատերազմը Ուկրաինայի դեմ, ինչպես նաև կթուլացնի Մոսկվայի հրադադար հաստատելու մղումը։
Բացի այդ, սենատորները հիշեցրել են, որ Պուտինն ու ռուսական պատվիրակության անդամները գտնվում են ամերիկյան ուղղակի պատժամիջոցների ներքո։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել էր, որ հրավեր է ուղարկվել՝ այն անվանելով համաշխարհային առաջնորդների հետ շփվելու հնարավորություն, իսկ Կրեմլը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել էր, որ այցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին Մայամիում։