«Սևան» ազգային պարկի 8 չշահագործվող մեքենա կփոխանցվի պետությանը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում առկա, ներկայումս չշահագործվող 8 տրանսպորտային միջոցները նախատեսվում է անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարության նախագծով առաջարկվում է դրանք ընդունել որպես նվիրատվություն և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե)՝ կազմակերպության հաշվեկշռում առկա 8 միավոր տրանսպորտային միջոցները, որոնք ներկայումս չեն շահագործվում, Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու առաջարկով։

Հիմք ընդունելով «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը՝ Կոմիտեի կողմից մշակվել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման սույն նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ընդունել կազմակերպության սեփականություն հանդիսացող 8 միավոր տրանսպորտային միջոցների նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Կոմիտեին։

Նախագծով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարման նպատակով տրանսպորտային միջոցները ենթակա են տեղափոխման պետական շարժական գույքի պահառության նպատակով Կոմիտեին ամրացված, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող., 79 հասցեում գտնվող պահառության վայր։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրությամբ տեղեկացվել է, որ նշված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելուց հետո այլ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու անհրաժեշտություն չի առաջանա։

ՀՀ կառավարության 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որի 6.7 կետով հաստատվել է «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժինը։ Ծրագրի համաձայն սահմանվել են գույքի արդյունավետ կառավարման, արդյունավետության և գրավչության բարձրացմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։ Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

«Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին»

 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

Leave a Comment