ShinyHunters հաքերային խմբավորումը հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) համակարգերը կոտրելու մասին, ինչը պաշտոնապես հաստատվել է գերատեսչության կողմից, որն այժմ իրականացնում է «ակտիվ հետաքննություն»:
Այս կիբերհարձակման հետևանքով գողացվել են հազարավոր գործակալների, այդ թվում՝ բյուրոյի տնօրեն Քեշ Փաթելի և նրա տեղակալների անձնական տվյալները, ներառյալ՝ անունները, տան հասցեները, սոցիալական ապահովության համարները, հեռախոսահամարները, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները: Մտահոգիչ է այն փաստը, որ FBI MedLink բժշկական հարթակի ամպային պահոցից արտահոսել են հատուկ գործակալների արյան անալիզների արդյունքները, ինչպես նաև առողջական վիճակի մասին կոնկրետ տեղեկություններ, օրինակ՝ բարձր խոլեստերինի կամ թաքնված հիվանդությունների առկայությունը:
Հաքերների պնդմամբ՝ իրենք օգտվել են բյուրոյի կողմից կիրառվող Oracle ամպային ենթակառուցվածքի խոցելիությունից՝ թիրախավորելով FBIJobs.gov պորտալը, կենսագրական տվյալների ստուգման համակարգը և ներքին հետաքննությունների տվյալների բազաները: Ուշագրավ է, որ չարագործները փող չեն պահանջում․ նրանք վրեժխնդիր են լինում ՀԴԲ-ի կողմից մայիսին հրապարակված զեկույցի համար, ուզում են, որ ՀԴԲ-ն հետ կանչի այդ փաստաթուղթը, որն, իրենց ասելով, «վիրավորել է» իրենց։
Կիբերանվտանգության փորձագետներն այս արտահոսքը չափազանց վտանգավոր են համարում, քանի որ բժշկական և անձնական տվյալները, ի տարբերություն սովորական գաղտնաբառերի, հնարավոր չէ փոխել, ինչը ՀԴԲ գործակալներին երկարաժամկետ հեռանկարում խոցելի է դարձնում օտարերկրյա հետախուզական ծառայությունների կամ հանցավոր խմբավորումների կողմից շանտաժի, ճնշումների և ֆիշինգային հարձակումների նկատմամբ: