«Ակադեմիական քաղաք»․ գույքի օտարման գործընթացի ժամկետը 6 ամսով կերկարաձգվի

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար հանրության գերակա շահ ճանաչված տարածքների սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը նախատեսվում է երկարաձգել վեց ամսով՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի մարտի 26-ը։ Փոփոխությունը պայմանավորված է օտարվող գույքի գնահատողի ընտրության նոր կարգի՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից ուժի մեջ մտնելու հանգամանքով։

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1323-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ։ Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն՝ Կառավարության որոշմամբ սահմանվում է սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը։ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով մինչև այդ ժամկետը ձեռքբերողը պարտավոր է սեփականատերերին և գույքային իրավունքներ ունեցող անձանց ուղարկել օտարման պայմանագրի նախագիծը։

Նշված պայմանագրի նախագիծը պատրաստելու համար անհրաժեշտ է նախապես որոշել օտարվող սեփականության շուկայական արժեքը և փոխհատուցման չափը։ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով գնահատողի ընտրությանը նախորդում են սեփականատիրոջը և գույքային իրավունքներ ունեցող անձանց ծանուցումը և գնահատողի թեկնածություն առաջարկելու համար երկշաբաթյա ժամկետի տրամադրումը, իսկ թեկնածություն չառաջարկվելու կամ առաջարկից հրաժարվելու դեպքում գնահատողն ընտրվում է Կառավարության սահմանած կարգով՝ պատահականության սկզբունքով։

Այդ կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 882-Ն որոշմամբ։ Սակայն N 882-Ն որոշման 4-րդ կետի համաձայն այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հինգ ամիս հետո, այսինքն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ին, որը Որոշմամբ սահմանված 2026 թվականի սեպտեմբերի 30-ի վերջնաժամկետից հետո է։

Հետևաբար այն գույքերի մասով, որոնց սեփականատերերը կամ գույքային իրավունքներ ունեցող անձինք գնահատողի թեկնածություն չեն առաջարկի կամ կհրաժարվեն առաջարկ ներկայացնելուց, մինչև գործող վերջնաժամկետը հնարավոր չէ կիրառել օրենքով նախատեսված գնահատողի ընտրության կարգը, ստանալ գնահատման հաշվետվությունը, հաշվարկել փոխհատուցումը և պատշաճ կազմել օտարման պայմանագրի նախագիծը։

Գործընթացի իրավական շարունակականությունը և բոլոր գույքերի նկատմամբ գործող իրավակարգավորումների միասնական կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը երկարաձգել վեց ամսով՝ մինչև 2027 թվականի մարտի 26-ը։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2026 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2027 թվականի մարտի 26-ը» բառերով։ Նոր վերջնաժամկետը համապատասխանում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով անշարժ գույքի համար սահմանված առավելագույն հնգամյա ժամկետին։

Վեցամսյա երկարաձգումը հնարավորություն կտա N 882-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ավարտել գնահատողի ընտրության ընթացակարգերը։ Դրանից հետո հնարավոր կլինի ապահովել օտարվող գույքերի գնահատումը և օրենքով սահմանված փոխհատուցման ամբողջական հաշվարկը։ Գնահատման և փոխհատուցման տվյալների հիման վրա կկազմվեն օտարման պայմանագրերի նախագծերը։

Ժամկետի երկարաձգումը կապահովի օտարման ընթացակարգի անընդհատությունը և կկանխի օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական հետևանքի առաջացումը միայն գործողությունների կատարման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգի ուշ ուժի մեջ մտնելու պատճառով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Որոշմամբ նախատեսված օտարման գործընթացի շարունակականությունը և գնահատողի ընտրության, գնահատման, փոխհատուցման հաշվարկի ու օտարման պայմանագրերի նախագծերի պատրաստման իրականացումը գործող իրավակարգավորումներին համապատասխան։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ ինքնին պետական բյուջեի եկամուտներում կամ ծախսերում փոփոխություն չի նախատեսվում։

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխման անհրաժեշտություն չի առաջանում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը նպաստում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված նպատակների իրականացման շարունակականությանը։

Leave a Comment