«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Գանձասարում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գործողություններն անվանել է «մեր երկրի և մեր ժողովրդի հերթական նվաստացումը»։
«Դա մեր երկրի և մեր ժողովրդի հերթական նվաստացումն էր, որը բերեց այս իշխանությունը, և մենք ամեն օր պետք է սպասենք այդպիսի նվաստացումների, քանի դեռ չենք հեռացրել այս իշխանություններին»,- Armenia Today-ին ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը։
«Ալիևը կանգ չի առնելու։ Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը դա չի կարող ապահովել։ Ինքը կարող է թվացյալ խաղաղություն ապահովել՝ զիջումներով»,- հայտարարել է Կարապետյանը։
Անդրադառնալով արցախցիների աջակցության ծրագրերին՝ Կարապետյանը հայտնել է, որ 2023 թվականից հետո պարբերաբար աջակցություն են տրամադրում արցախցիների մի մասին։
Հաջիևը սեպտեմբերի 12-ին օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ հայկական վանքերը նույնպես ներկայացրել էր որպես «Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։ Գանձասարում նա ցուցադրել էր դատարկ էջերով ձեռագրերի պատճեններ՝ դրանք անվանելով հայկական պատմական ենթադրյալ «կեղծարարության» ապացույց։
Մատենադարանը պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրվել են հատուկ պատրաստված պատճեններ, իսկ բնօրինակները պահվում են Երևանում։ Հաստատության տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ դրանք երբեք չեն պահվել Գանձասարում՝ անվտանգության անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունն անվանել էր «անընդունելի և անհասկանալի»՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը։
