Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Վրաց պատրիարքարանի դիրքորոշումն Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ։
«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վրաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնասյուներից մեկն է։ Հենց այդ պատճառով էլ անհասկանալի է Վրաց պատրիարքարանի դիրքորոշումը, որը ներառում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ կրոնական կազմակերպությունները պետք է խուսափեն այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությանն ու բարիդրացիական հարաբերություններին։
«Այս առնչությամբ Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ է տրվում չկրկնել Հայոց եկեղեցու հայտնի մոտեցումները կամ չհետևել դրա օրինակին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձաններն ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են», — հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում՝ Վրացական թագավորության ոսկեդարի ժամանակաշրջանում: Առաջին հիշատակությունները հանդիպում են 14-րդ դարի վրացական ձեռագրերում։ Այն վրաց ուղղափառ եկեղեցի է, գտնվում է Ադրբեջանի Կախի շրջանում՝ պատմական Հերեթի տարածքում:
Նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին ավելի վաղ խոր մտահոգություն էր հայտնել եկեղեցու տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող միակողմանի շինարարական ու պեղումների աշխատանքների կապակցությամբ: Վրացական կողմն ընդգծել էր, որ թեև տաճարն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն հանդիսանում է Վրաստանի պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկը, և կոչ էր արել Վրաստանի իշխանություններին անհապաղ միջամտել:
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Վրաց պատրիարքարանի հայտարարությունը «հակասում է երկու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ոգուն»: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վրացական կողմի մոտեցումները որակել է որպես «տարածքային պահանջներ» և անթույլատրելի համարել ադրբեջանական տարածքում գտնվող տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը: