Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) նոր ստանդարտներին և ԵՄ ավիացիոն կանոնակարգերին։ Նախագծով նախատեսվում են նաև անօդաչու օդանավերի շահագործման, թռիչքային անվտանգության, ավիացիոն աղմուկի և օդային երթևեկության սպասարկման նոր կարգավորումներ։
Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է՝
1) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից հրապարակած՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 6 հավելվածի 4-րդ մասով անօդաչու օդանավերի շահագործման հետ կապված նոր միջազգային ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին օրենսդրության համապատասխանության ապահովման անհրաժեշտությամբ,
2) Հայաստանի Հանրապետության կողմից «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում Եվրոպական միության համապատասխան ավիացիոն կանոնակարգերի ներդրմամբ,
3) ԻԿԱՕ-ի կողմից 2024 թվականին Հայաստանում իրականացրած աուդիտի (այսուհետ՝ ԻԿԱՕ աուդիտ) արդյունքներով վերհանված թերությունների և անհամապատասխանությունների վերացման նպատակով,
4) Եվրոպական հանձնաժողովի կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացված գնահատողական այցի արդյունքում ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա արձանագրված թերությունների վերացմամբ,
5) Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման կարգի դրույթների համապատասխանությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 13-րդ հավելվածի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին ապահովելու, թռիչքային անվտանգության համընդհանուր աուդիտի ծրագրի (USOAP CMA) շրջանակներում 2024 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 5-ը Հայաստանում անցկացրած աուդիտի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասով արձանագրված թերությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի 2-րդ հավելվածում ներկայացված «Քաղաքացիական ավիացիայում պատահարների և միջադեպերի քննության և կանխարգելման մասին» Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 996/2010 (ԵՄ) կանոնակարգի համապատասխան դրույթները ներդնելու կարևորությամբ։
Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) առաջարկվող փոփոխությունները և լրացումները վերաբերում են․
1) Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է ԻԿԱՕ աուդիտի արդյունքում «թռիչքային գործունեության» ոլորտում (OPS) վեր հանված թերության վերացմամբ (PQ 4.015). Չիկագոյի կոնվենցիայի 3 Բիս և 12-րդ հոդվածների, ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի N2 հավելվածի 3.8.2 և N6 հավելվածի Part I, App. 2, 2.1.32 և Part III, App. 8, 2.1.26 կետերի համաձայն պահանջվում է, որպեսզի անդամ պետության ավիացիոն հիմնական օրենսդրությունը (Primary Aviation Legislation) պարունակի դրույթ առ այն, որ պետությունում գրանցված ցանկացած քաղաքացիական օդանավ կամ գրանցված օդանավ շահագործողի կողմից շահագործվող ցանկացած քաղաքացիական օդանավ այլ պետության օդային տարածքում կամ այդ պետության իրավասության ներքո գտնվող օդային տարածքում շահագործվելիս պարտավոր է ենթարկվել այդ պետության կողմից օդանավի թռիչքի ընդհատման (interception) վերաբերյալ տրված հրահանգներին։
2) Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի պարզեցնել և արագացնել ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացը՝ իրավասու մարմիններին հնարավորություն ընձեռելով ճանաչել և կիրառել ԻԿԱՕ-ի և քաղաքացիական ավիացիայի ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերը ԻԿԱՕ-ի կողմից աշխատանքային ճանաչված անգլերեն լեզվով։
Գործնականում քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային ստանդարտներն ու ուղեցույցները կիրառվում են հիմնականում անգլերենով, քանի որ դրանց տարբեր լեզվական տարբերակների զուգահեռ կիրառումը կարող է հանգեցնել բովանդակային տարբեր մեկնաբանությունների՝ պայմանավորված թարգմանական առանձնահատկություններով։ Անգլերեն բնօրինակի կիրառումը կապահովի միջազգային փաստաթղթերի միասնական և միատեսակ մեկնաբանություն, կնվազեցնի թարգմանական անճշտությունների ռիսկը և կհամապատասխանի միջազգային ավիացիոն ոլորտում ընդունված գործելաձևերին։
3) Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող լրացումը պայմանավորված է նրանով, որ Օրենքով տրված են հասկացությունների ոչ ամբողջական ցանկը։ Նախագծով առաջարկվում է Օրենքում սահմանել այն հիմնական հասկացությունները, որոնք կիրառվում են օրենքում՝ ապահովելով այդ հասկացությունների սահմանումների առավել հնարավոր չափով համապատասխանությունն միջազգային ավիացիոն ստանդարտներում տրված սահմանումներին ու դրանց փոփոխություններին՝ Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
4) Օրենքի 3-րդ հոդվածում նոր՝ 3.1-ին մասում, ինչպես նաև 7-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետում նախատեսված լրացումը և փոփոխությունը պայմանավորված են ԵՀ կողմից 2025 թվականին Հայաստանում անցկացրած գնահատողական այցի ընթացքում վերհանած դիտարկման (Observation B.01) վերացման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես դիտարկման համաձայն՝ Oրենքը չի սահմանում թռիչքային անվտանգության պետական ծրագրի (State Safety Program (SSP)) իրականացման իրավական հիմքերը և դրա շրջանակներում պատասխանատվությունների ու իրավասությունների հստակ բաշխումը՝ համաձայն ԻԿԱՕ-ի պահանջների։
Առաջարկվող լրացման համաձայն՝ նախատեսվում է սահմանել, որ թռիչքային անվտանգության պետական քաղաքականությունը (State Safety Policy), ինչպես նաև թռիչքային անվտանգության պետական ծրագրի (SSP) կառավարման և իրականացման շրջանակը և մեխանիզմները, ներառյալ՝ թռիչքային անվտանգության պետական ծրագրի (SSP) շրջանակներում թռիչքային անվտանգության համար պատասխանատու պետական կառավարման մարմիններին և դրանց գործառույթների շրջանակը սահմանում է Կառավարությունը։
Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ Կոմիտեն մշակում է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը և ներկայացնում նախարարին՝ առանց դրա հաստատման լիազորող նորմի հստակ սահմանման։ Հետևաբար Կառավարության համապատասխան որոշման հիման վրա նախարարի կողմից կհաստատվի թռիչքային անվտանգության պետական ծրագիրը (SSP)՝ հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի N 19 հավելվածի պահանջները։
5) Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերում հասկացությունները, հապավումներն ու արտահայտությունները սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել ոչ միայն ԻԿԱՕ-ի հրապարակած միջազգային ստանդարտներով, առաջարկվող գործելաձևերով և ընթացակարգերով, այլ նաև ավիացիայի բնագավառում ՀՀ կնքված այլ միջազգային պայմանագրերով, ինչպիսին օրինակ՝ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրն է։
6) Օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 37-րդ, 38-րդ, 42-րդ, 43-րդ և 44-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելը, 7-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետում, ինչպես նաև Օրենքի 52-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ավիացիոն անվտանգության ոլորտի կարգավորումները ECAC Doc 30 փաստաթղթի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Մասնավորապես, նշված գործընթացի շրջանակներում նախատեսվում է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված «Ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը», որի արդյունքում Օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 37-րդ, 38-րդ, 42-րդ, 43-րդ և 44-րդ կետերով նախատեսված կարգավորումները կներառվեն այդ ծրագրում։ Հետևաբար, վերանում է նշված հարցերի վերաբերյալ նախարարին առանձին նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն վերապահող նորմերի անհրաժեշտությունը։
7) Օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասում նոր՝ 53.1-ին, 53.2-րդ և 53.3-րդ կետերով առաջարկվող լրացումները պայմանավորված են ԻԿԱՕ-ի կողմից հրապարակած Չիկագոյի կոնվենցիայի N 6 հավելվածի 4-րդ մասով սահմանված՝ անօդաչու օդանավերի շահագործմանը վերաբերող նոր միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի ներդրման նպատակով համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությամբ։
8) Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 19-րդ կետի, ինչպես նաև Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխության առաջարկությունը պայմանավորված է իրավական կարգավորումների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, գործող խմբագրությամբ նույն կետով նախատեսվում է, որ ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունն իրականացվում է և համապատասխան վկայականները տրամադրվում են Կոմիտեի սահմանած կարգով։ Միաժամանակ, ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-272-Ն օրենքով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների վավերացման (validation) կարգը սահմանում է նախարարը։ Հետևաբար, առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել Օրենքում նույն հարցի վերաբերյալ երկակի լիազորող նորմերի առկայությունը։
9) Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը նոր՝ 29-33-րդ կետերով լրացնելու առաջարկությունը պայմանավորված է Չիկագոյի կոնվենցիայի N 6 հավելվածի 4-րդ մասով սահմանված՝ անօդաչու օդանավերի շահագործմանը վերաբերող նոր միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի ներդրման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող լրացմամբ Կոմիտեի լիազորությունները համալրվում են անօդաչու օդանավերի շահագործման, սերտիֆիկացման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հետ կապված գործառույթներով՝ միջազգային պահանջներին համապատասխան։
10) Օրենքի 8-րդ հոդվածում նախատեսված փոփոխություններ փոփոխությամբ առաջարկվում է Օրենքում ապահովել միասնական տերմինաբանության կիրառումը՝ «նշանակված ներկայացուցիչներ» և «լիազորված համապատասխան իրավասու անձինք» ձևակերպումը փոխարինելով «Կոմիտեի կողմից լիազորված ներկայացուցիչներ» ձևակերպմամբ, ինչպես նաև Կոմիտեի ներկայացուցիչների համար սահմանել քաղաքացիական ավիացիայի օբյեկտներ և օդանավեր անարգել, ինչպես նաև առանց սահմանափակման մուտք գործելու իրավունքը՝ ԻԿԱՕ-ի Doc 9734 (Part A, C3) և Doc 9774 (C2 և C3) փաստաթղթերով սահմանված միջազգային պահանջներին համապատասխան։
11) Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի իրականացման համար, համարվում են կառավարվող աերոդրոմներ, որոնցում կոմիտեի սահմանած կարգով ապահովվում են օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայությունները:
Օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայությունների ապահովումը նախատեսում է աերոդրոմի համապատասխան տեխնիկական հագեցվածություն (դիտարկման միջոցներ) և մոտեցման և աերոդրոմային լիցենզավորված կարգավարական անձնակազմի համալրվածություն։
Համաձայն ՀՀ օրենսդրության, Չիկագոյի կոնվենցիայի N10 հավելվածի և ԵՄ 373/2017 կանոնակարգի դրույթների՝ օդային երթևեկության սպասարկումը կարող է իրականացվել թռիչքատեղեկատվական սպասարկան (FIS), այդ թվում աերոդրոմային թռիչքատեղեկատվական սպասարկան (AFIS) ծառայության միջոցով՝ պայմանավորված թռիչքների ինտենսիվությամբ, դրանց իրականացման տեսակով (թռիչքների գործիքային կամ տեսողական կանոններով), ինչպես նաև կատարման ժամանակահատվածով (շուրջօրյա կամ ցերեկային ժամերին՝ արևածագից մինչև արևամուտ)։
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխության նպատակն է ապահովել թռիչքների անվտանգությունը, պարզեցնել միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի օդային երթևեկության սպասարկման ընթացակարգը չկառավարվող աերոդրոմներում։ Փոփոխությունը թույլ կտա թռիչքների ցածր ինտենսիվությամբ աերոդրոմներում, որտեղ թռիչքներն իրականացվում են թռիչքների տեսողական կանոններով և ցերեկային ժամերին, ինչպես օրինակ՝ «Սյունիք» օդանավակայանը, միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի օդային երթևեկության սպասարկումն ապահովել աերոդրոմային թռիչքատեղեկատվական սպասարկան (AFIS) ծառայության միջոցով։
12) Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի փոփոխության առաջարկի նպատակն է հստակեցնել քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների մատուցման և կարգավորման իրավական հիմքերը՝ սահմանելով, որ քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կարգը հաստատում է Կառավարությունը։ Փոփոխությունն ուղղված է գործող իրավակարգավորման և ենթաօրենսդրական ակտի միջև իրավական համապատասխանության ապահովմանը, քանի որ ներկայումս գործում է Կառավարության կողմից հաստատված կարգ, սակայն Օրենքում դրա ընդունման համար նախատեսված լիազորող նորմի բացակայությունը խոչընդոտում է այդ կարգի հետագա փոփոխությունների և արդիականացման գործընթացը։
13) Օրենքի 12-րդ հոդվածը նոր 8.1-ին մասով լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանության նպատակով աերոդրոմների և դրանց հարակից տարածքներում օդանավերի շահագործման հետևանքով առաջացող ավիացիոն աղմուկի թույլատրելի մակարդակների սահմանման, դրանց մոնիտորինգի, վերահսկման և խախտումների արձանագրման գործընթացների իրավական կարգավորման համար անհրաժեշտ լիազորող նորմի սահմանմամբ, որով կհստակեցվի նաև պետական համակարգի լիազորված մարմինների համագործակցության սկզբունքները և ընթացակարգը։
14) Օրենքի 18-րդ հոդվածը նոր 5-րդ մասով լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ԻԿԱՕ աուդիտի ընթացքում վերհանած մեկ այլ թերության (PQ 1.151) վերացմամբ․ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 83 բիս հոդվածի, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի՝ պահանջվում է, որպեսզի հիմնական ավիացիոն օրենսդրությունը (Primary Aviation Legislation) պարունակի դրույթ Չիկագոյի կոնվենցիայի 83 bis հոդվածով նախատեսված գործառույթների և պարտականությունների փոխանցումն արտացոլելու վերաբերյալ, մասնավորապես՝ Չիկագոյի կոնվենցիայի 83 bis հոդվածի համաձայն կնքված համաձայնագրի շրջանակում շահագործողի պետության կողմից տրված կամ վավեր ճանաչված անձնակազմի վկայականների (Crew Licences), թռիչքային պիտանիության (Certificates of Airworthiness) և ռադիոկայանների վկայականների (Radio Licences) վավերականությունները ճանաչելու վերաբերյալ պետության կողմից իրականացվող գործառույթները սահմանելու վերաբերյալ։ Հետևաբար Օրենքում առաջարկվում է համապատասխան լրացում՝ վերացնելու համար ԻԿԱՕ-ի կողմից արձանագրված թերությունը։
15) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը պայմանավորված է Օրենքի թռիչքային պիտանիության վերաբերյալ կարգավորման առարկան անօդաչու օդանավերի վրա ևս տարածելու անհրաժեշտությամբ՝ ապահովելով, որ դրանց նկատմամբ նույնպես կիրառվեն թռիչքային պիտանիության պահանջները: Փոփոխությունը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Չիկագոյի կոնվենցիայի N 6 հավելվածի 4-րդ մասով սահմանված միջազգային ստանդարտներին և ստեղծել անօդաչու օդանավերի թռիչքային պիտանիության և շրջակա միջավայրի պահպանության պահանջների կիրառման իրավական հիմքը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 68.5-րդ և 69-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա: