Հարցվածների 58,8%-ը կողմ է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին հանրաքվեին․ հարցում

ՀՀ քաղաքացիների 58,8%-ը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն։ Այս մասին վկայում են MPG/Gallup International Association-ի՝ սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1001 մարդ։

Հարցվածների 38,5%-ը պատասխանել է, որ միանշանակ կողմ է հանրաքվեին, 20,3%-ը՝ ավելի շուտ կողմ։ Հանրաքվեին դեմ է արտահայտվել 34,4%-ը․ 25,1%-ը՝ միանշանակ դեմ, 9,3%-ը՝ ավելի շուտ դեմ։ Եվս 6,9%-ը դժվարացել է պատասխանել։

Ըստ հարցման՝ նման հանրաքվեի դեպքում 35,1%-ը կքվեարկեր ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու օգտին, 29,4%-ը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պահպանելու։ 24,7%-ը չի մասնակցի քվեարկությանը, իսկ 10,9%-ը դժվարացել է պատասխանել։

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները 52,4%-ը կապել է Հայաստանի ղեկավարության վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձի հետ, իսկ 40,5%-ը՝ Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հետ։ Հարցվածների 5,1%-ը սահմանափակումները բացատրել է հայկական ապրանքների որակի խնդիրներով։

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Ազգային ժողովը մարտի 26-ին ընդունել էր գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին կոչ էին արել կողմնորոշվել արտաքին տնտեսական ուղու հարցում՝ հանրաքվե անցկացնելով ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ։

Leave a Comment