Աճող պահանջա՞րկ, թե՞ մատակարարումների նվազում․ ինչու է ցեմենտը պակասել շուկայում

Շինարարության ոլորտում գործող տնտեսվարողները պնդում են, որ վերջին շաբաթներին շինանյութի շուկայում ցեմենտի սղություն կա։ Տնտեսագետները խնդիրը կապում են աճող պահանջարկի և մատակարարումների խափանումների հետ, կառավարությունը պնդում է՝ տեղական հիմնական արտադրողը՝ «Արարատցեմենտը», աշխատում է առավելագույն հզորությամբ։ Ի՞նչ է կատարվում ցեմենտի շուկայում, և ինչո՞ւ է շինարարության համար անհրաժեշտ նյութը դարձել դժվար հասանելի։

Արդեն երրորդ շաբաթն է՝ Հայաստանի շինանյութի շուկայում ցեմենտի պակաս կա։ Տան շինարարության համար պարբերաբար ցեմենտ գնող Մյասնիկ Սահայանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ վերջին շաբաթներին անհրաժեշտ քանակ գտնելը խնդիր է դարձել։

«Երկու-երեք շաբաթ կլինի, որ, կարելի է ասել, ցեմենտի դեֆիցիտ է Հայաստանում,  շատ քիչ տեղերից է ճարվում։ Ճարելուց էլ գները էականորեն տարբերվում են այն գներից, որոնք միշտ եղել են։ Եթե առաջ 2500-2700 էր գինը, հիմա շատ դժվար ես 3300-ից մինչև 3700 դրամի սահմաններում է»։

Վերջին շաբաթներին ցեմենտի սղության խնդրին բախվում են շինարարության ոլորտում գործող շատ տնտեսվարողներ։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ հիմնական պատճառը պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունն է։

«Ցեմենտի պահանջարկը չի նվազել, դեռ ավելացել է, որովհետև շինարարական լայն ծավալի աշխատանքներ են գնում թե՛ Երևանում, թե՛ արդեն մարզերում։ Դրան գումարվում են պետական ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարությունները։  Oրինակ՝ դպրոցների կառուցում կամ մանկապարտեզներ, որը նույնպես փաստորեն բերում է նրան, որ շինարարներն օգտագործում են ցեմենտ, բետոն»։

Մակարյանի խոսքով՝ խնդիրներ կան նաև մատակարարման ոլորտում․ իրանական ցեմենտն ու կլինկերը շուկա են հասնում ոչ կանոնավոր, ինչն էլ լրացուցիչ ճնշում է ստեղծում առաջարկի վրա։

«Իմ կարծիքով` էականորեն խախտվել է ցեմենտի մատակարարման լոգիստիկան։ Ճիշտ է՝ Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ խմբ․ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» գործարանը աշխատում է իր հզորություններով, մի բան էլ դեռ ավելի։ Իրանական կողմն էլ ոչ ռիթմիկ է մատակարարում մի քանի պատճառներով։ Առաջինը ներմուծման համար սահմանված  տուրքեր են, որ իրանական ցեմենտը կամ կլինկերը՝ հումքը, որից կարելի է նաև ցեմենտ ստանալ, տեղական արտադրողի խնդիրներ չստեղծի»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր սեպտեմբերի 13-ին։ Նա վստահեցրել էր, որ պետական կառավարման անցած «Արարատցեմենտ»-ն աշխատում է առավելագույն հզորությամբ։ Նախարարի խոսքով՝ գործարանն օգոստոսին արտադրել է 95 հազար 300 տոննա ցեմենտ՝ շուրջ 16 հազար տոննայով ավելի, քան հուլիսին։ Գևորգ Պապոյանը շուկայում առաջացած սղությունը  տեղական արտադրության հետ չէր կապել և խնդիրը պայմանավորել էր հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով։

«Արարատցեմենտը» ցեմենտի հայկական շուկայում հիմնական տեղական արտադրողն է։ Գործարանը վերջերս անցել է պետական կառավարման․ մինչև այդ այն պատկանում էր գործարար Գագիկ Ծառուկյանին։ 

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Մակարյանը խոսում է պետական կառավարման հնարավոր խնդիրների մասին։

«Ես միշտ ասել եմ, որ պետական կառավարումը ամենահաջող կառավարումը չի։ Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև պետական մարմինները, երբ ստանձնում են կառավարումը, իրենք անպայման սկսում են նայել՝ ովքեր են մատակարարները, ինչ-որ մատակարարներ սկսում են չաշխատել, կապեր են գտնում նախկին տերերի հետ կամ, ասենք, իրենց ինչ-որ այլ պատճառով դուր չի գալիս։ Սկսում են նայել՝ ում են իրենք վաճառում, դրանց հետ վաճառե՞ն, թե՞ չվաճառեն»։

Մակարյանը չի բացառում, որ ցեմենտի գնի բարձրացման գործում կարող են դեր ունենալ նաև միջնորդներն ու վերավաճառողները։ Նրա խոսքով՝ այս հարցը նույնպես պետք է ուսումնասիրել հասկանալու համար, թե արտադրողի հայտարարած գնի և սպառողի վճարած գնի միջև ինչ օղակներ են ձևավորվում։

Շուկայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար կարևոր է դիտարկել նաև արտադրության և ներմուծման վերջին տարիների ծավալները։ Տեղական արտադրությունը նվազել է՝ 2023-ի մոտ 1 միլիոն 140 հազար տոննայից 2025-ին հասնելով շուրջ 940 հազարի։ Դրան զուգահեռ աճել է ներմուծումը՝ մոտ 260 հազար տոննայից հասնելով շուրջ 751 հազարի։

Վերջին տարիներին կառավարությունը ցեմենտի ներմուծման հատուկ ընթացակարգ է սահմանել՝  դա բացատրելով տեղական արտադրողների մրցունակությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Գործադիրի հիմնավորմամբ՝ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների հզորությունները ավելին են, քան  ներքին շուկայի պահանջարկը, ուստի պետք է խթանել ոչ թե ներմուծումը, այլ արտադրությունը։

Leave a Comment