Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ազգերի լիգայում թիմի մեկնարկից ունեցած սպասելիքների մասին։
«Ես Հայաստանի հավաքականից միշտ ամենաբարձր սպասելիքներն ունեմ։ Ցանկանում եմ, որ երիտասարդ խաղացողները փորձ ձեռք բերեն ավելի փորձառուnերի կողքին», – ասել է Մովսիսյանը։
Հարցին, թե բազմաթիվ վնասվածքները լուրջ խնդիր կդառնա՞ն, նախկին հարձակվողն առաջարկել է իրավիճակին նայել որպես հնարավորություն երիտասարդների համար: Մովսիսյանը գնահատել է օրինակ Արթուր Ղարիբյանի հեռանկարները, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի գլխավոր հավաքական։ Նա առանձնացրել է «Ռոդինայի» կազմում «Զենիթի» դեմ Ղարիբյանի խաղը, որտեղ հարձակվողը դուբլ է ձևակերպել։
«Հավանաբար դա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր։ Նա շատ յուրահատուկ տվյալներ ունի. ցանկացած ակումբ կցանկանար կազմում ունենալ նման որակներով հարձակվողի։ Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականում նա առաջատար կդառնա։ Եթե Ղարիբյանը մի փոքր փորձ ձեռք բերի և կանոնավոր խաղաժամանակ ստանա, կարող է մեծ հարձակվող դառնալ։ Նա ներուժ ունի առաջատար լինելու և՛ ակումբում, և՛ Հայաստանի հավաքականում»,-ասել է Մովսիսյանը։
Մովսիսյանը նաև աջակցել է Մելիքյանի խոսքերին այն ֆուտբոլիստների մասին, որոնք ակումբային կարիերան ավելի բարձր են դասում հավաքականում խաղալուց։ Նրա խոսքերով՝ ինքն անձամբ գիտի, թե որքան դժվար կարող է լինել ազգային թիմ վերադառնալու ճանապարհը։
Նախկին հարձակվողն ընդգծել է, որ փորձառու խաղացողները պետք են երիտասարդներին՝ անկախ տարիքից։ Որպես օրինակ նա նշել է Ռոման Բերեզովսկուն, ով հավաքականում խաղացել է մինչև 42 տարեկանը։
Խոսելով գլխավոր մարզչի մասին՝ Մովսիսյանը կոչ է արել առաջիկա հանդիպումների արդյունքներով հապճեպ եզրակացություններ չանել։
«Ես հավատում եմ Եղիշե Մելիքյանին։ Նա այն մարզիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին։ Նույնիսկ եթե հավաքականը ձախողվի Ազգերի լիգայում, պետք չէ անմիջապես մտածել մարզչի հեռանալու մասին»,-նշել է ՀՀ հավաքականի նախկին հարձակվողը։