24 ժամ՝ 3 ժամի փոխարեն, 6 երկարատև մեկնում՝ տարեկան․ ի՞նչ է փոխվելու քրեակատարողական հիմնարկներում

Iravaban.net–ը ուսումնասիրել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանայել դատապարտյալների պահման, անվտանգային գոտիների փոփոխության, տեսակցությունների, հեռախոսազանգերի և մեկնումների մի շարք կանոններ։ Նախագծով անդրադարձ է կատարվում նաև դատապարտյալների առողջական տվյալների փոխանցմանը, աշխատանքում ներգրավվելու հնարավորություններին և 18 տարին լրացած երիտասարդների՝ քրեակատարողական հիմնարկում պահման առանձնահատկություններին։

Ինչո՞ւ կարող է փոխվել քրեակատարողական կանոնների կիրառման տրամաբանությունը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ քրեակատարողական հարաբերությունների նկատմամբ կիրառվում է պատժի կատարման կամ համապատասխան միջոցի կիրառման պահին գործող օրենսդրությունը։ Նախագծի հիմնավորմամբ՝ սա պետք է տարանջատի քրեական և քրեակատարողական օրենսդրությունների ժամանակային գործողության կանոնները։

Դատապարտյալին տեղափոխելիս ե՞րբ պետք է տեղեկացվեն նրա հարազատները

Գործող կարգավորմամբ քրեակատարողական հիմնարկը պետք է դատապարտյալի ընդունման կամ տեղափոխման մասին տեղեկացնի նրա նշած անձանց երեք ժամվա ընթացքում։ Նախագծով այդ ժամկետը նախատեսվում է դարձնել 24 ժամ՝ հաշվի առնելով նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեղափոխման դեպքերը։

Կարո՞ղ է դատապարտյալը ավելի ցածր անվտանգային գոտի վերադառնալ

Նախագիծը նախատեսում է ավելի հստակ կանոններ անվտանգային գոտիների փոփոխության համար։ Մասնավորապես, բարձր անվտանգային գոտի տեղափոխված դատապարտյալի՝ ավելի ցածր գոտի վերադառնալու հարցում հաշվի կառնվի նաև գործող կարգապահական տույժերի առկայությունը։ Նախագծով նախատեսվում են նաև հստակ ժամկետներ, որպեսզի հնարավոր լինի աստիճանաբար անցնել տարբեր անվտանգային գոտիներով և պայմաններով։

Կարո՞ղ են տեսակցություններն ու զանգերն ավելի հասանելի դառնալ

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ որոշ դատապարտյալների առանց քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նախապես սահմանված ժամանակացույցի հեռախոսազանգեր կատարել։ Միաժամանակ նախատեսվում է տեսազանգի և հեռախոսազանգի օգտագործման գործող կարգավորումների հստակեցում։

Առանձին կարգավորում է առաջարկվում նաև այն դեպքերի համար, երբ դատապարտյալը ցանկանում է երկարատև տեսակցությունը փոխարինել հեռախոսազանգով կամ տեսազանգով․ նախագիծը հնարավորություն է տալիս դա անել անմիջապես, առանց նախ երկարատև տեսակցությունը կարճատևի փոխելու։

Ի՞նչ է փոխվելու միջազգային դատարանում ներկայացվող դատապարտյալների համար

Առաջարկվում է դատապարտյալներին հնարավորություն տալ իրավաբանական օգնության նպատակով առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, այդ թվում՝ առցանց ձևաչափով, հանդիպել փաստաբանի և միջազգային դատարանում իրեն ներկայացնող այլ երկրում լիցենզավորված փաստաբանի հետ։

Կարո՞ղ է դատապարտյալը աշխատել քրեակատարողական հիմնարկում

Այո․ նախագծով առաջարկվում է ընդլայնել աշխատանքում ներգրավվելու հնարավորությունները։ Դատապարտյալները իրենց ցանկությամբ կարող են ներգրավվել ստեղծվելիք արտադրական գոտիներում, իսկ առանց վարձատրության աշխատանքների շրջանակը կարող է ընդլայնվել՝ ներառելով, օրինակ, հանձնուքների տեղափոխում, սննդի բաշխում, մաքրություն, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, գրադարանի բարեկարգում և սպասարկում։

Ի՞նչ կլինի 18 տարին լրացած երիտասարդների հետ

Սա նախագծի ուշագրավ փոփոխություններից է։ Առաջարկվում է 18-ից 21 տարեկան առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձանց համար սահմանել պահման առանձնահատկություններ։ Նախատեսվում է նաև որոշ դեպքերում նրանց պահել նույն՝ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում մինչև 21 տարեկանը, իսկ եթե 21 տարեկանից հետո պատժի չկրած մասը չի գերազանցում երկու տարին՝ այդ ժամանակահատվածում ևս։

Նախագծի հիմնավորմամբ՝ նպատակը երիտասարդների համար ավելի վերահսկելի միջավայր ստեղծելն է, կրթական և սոցիալ-հոգեբանական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելը և մեծահասակների քրեական ենթամշակույթի ազդեցության ռիսկը նվազեցնելը։

Կարո՞ղ են դատապարտյալի առողջության մասին տեղեկությունները փոխանցվել առանց նրա համաձայնության

Նախագծով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկին կամ քրեակատարողական ծառայությանը մասնագիտական աշխատանքի իրականացման նպատակով փոխանցել դատապարտյալի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ առանց նրա համաձայնության։ Հիմնավորման մեջ հատկապես նշվում է հոգեբանական և վերասոցիալականացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։

Իսկ հացադուլի դեպքում ի՞նչ է նախատեսվում

Նախագծով առաջարկվում է գործող կարգավորումներից մեկը՝ կապված հացադուլ իրականացնող անձին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու հետ, օրենսդրական մակարդակ տեղափոխել։ Նախատեսվում է նաև, որ հացադուլի մասին տեղեկանալուց հետո այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանման ղեկավարը։

Կարո՞ղ են երկարատև մեկնումների կանոնները փոխվել

Նախագծով առաջարկվում է սահմանել ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալներին սոցիալական վերականգնման նպատակով մինչ 30 օր ժամկետով տրամադրվող երկարատև մեկնումների քանակը՝ մեկ տարվա ընթացքում 6 անգամ:

Միաժամանակ առաջարկվում է որոշ դեպքերում վերանայել երեխաների հետ տեսակցելու նպատակով մեկնելու պայմանները՝ այն կապելով դատապարտյալի վարքագծի և անվտանգային գոտու հետ։

Ի՞նչ կլինի, եթե դատապարտյալը խախտում կատարի

Նախագծով առաջարկվում է ավելի հստակ սահմանել, թե որոնք են պատժի կատարման սահմանված կարգի խախտումները՝ ներառելով նաև ներքին կանոնակարգի պահանջների խախտումները և հիմնական պարտականությունների չկատարումը։ Միաժամանակ առաջարկվում է վերանայել բանավոր նախազգուշացումը որպես տույժի տեսակ։

Իսկ ի՞նչ խնդիր է լուծվելու բնակելի տարածքների հետ կապված

Նախագիծը նախատեսում է սահմանել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքի կահավորմանը ներկայացվող պահանջներ և կահավորանքի լրակազմ։ Ներկայում, նախագծի հիմնավորմամբ, այդ հարցը բավարար հստակությամբ կարգավորված չէ։

Ո՞րն է փոփոխությունների հիմնական նպատակը

Նախագծի հեղինակների ձևակերպմամբ՝ փոփոխությունների նպատակը քրեակատարողական օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծումն է, իրավական բացերի և անհամապատասխանությունների վերացումը և իրավակիրառ պրակտիկայի բարելավումը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment