«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին, անծանոթ մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, ըմբոստանում են այս հակահայկական իշխանությունների կամայականությունների դեմ, չեն լռում, սկզբունքայնություն են ցուցաբերում, մարդկային բարձր որակներ են դրսևորում։
Ինչպես հայտնի է, Թևանյանի «գործը» փլվել է արդեն նախաքննության փուլում։ Ինձ շինծու արարք մեղսագրեցին, որպեսզի Թևանյանի դեմ առաջադրված հորինովի մեղադրանքներին ճշմարտանման տեսք տային, բայց դա նրանց մոտ, բնականաբար, չստացվեց։ Ու հիմա փակ դատավարություն են անցկացնում, որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը։
Բայց դե, արդարությունն ինչքան էլ բզկտվի, վերջում հաղթելու է։
Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել։ Իշխանությունն աննախադեպ կեղծիքներով պահած Նիկոլ Փաշինյանն օգտվում է մեր ոչ միասնական լինելուց։ Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ):
Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել։ Հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով գործել, այլ ոչ թե սպասել մինչև դիմակավորվածները կամ քննչականի կամակատարները ներխուժեն քեզ մոտ ու դրանից հետո նոր միայն ոտքի կանգնել, բողոքել բռնաճնշումների դեմ։
Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ պլանավորել։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը վերկուսակցական հարցեր են։ Ի՞նչն է մեզ խանգարում այս հարցերում միասնական լինել։ Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել։
Օրակարգային են նաև այս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։
Մի խոսքով՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։
Ազատություն Անդրանիկ Թևանյանին,
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին,
Ազատություն Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում տառապող քաղբանտարկյալներին ու պատանդներին,
Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի»։