Թրամփն ու Սին Սպիտակ տանը կենաց են խմել՝ խոսելով հարաբերությունների նոր փուլի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պետական ընթրիք է տվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պատվին։ Երկու առաջնորդները կենաց են խմել՝ ընդգծելով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների նոր փուլը։

Թրամփը նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, իսկ Սին ընդգծել է բանակցությունները շարունակելու և երկկողմ հարաբերություններում կայունություն ապահովելու կարևորությունը։

Ընթրիքը տեղի է ունեցել Սիի Վաշինգտոն կատարած եռօրյա այցի երկրորդ օրը։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Սիին՝ ԱՄՆ կատարած երկարատև այցի համար, և նշել, որ իրենց միջև հարաբերություններն ամուր են։
«Մենք երբեք այսքան լավ հարաբերություններ չենք ունեցել», — նշել է Թրամփը։

Չնայած Թրամփը և Սին գովաբանել են միմյանց՝ խոստանալով շարունակել բանակցությունները՝ երկու երկրների միջև կայունությունն ապահովելու համար, այնուամենայնիվ փորձագետները նշում են, որ մինչև այժմ բանակցություններում կոնկրետ արդյունքներ չեն արձանագրվել։

Ընթրիքին ներկա են եղել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներ, միլիարդատեր գործարարներ և ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ։ Միաժամանակ Սիի այցի ընթացքում Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։

Թրամփը Չինաստանի նախագահին նաև նվիրել է ԱՄՆ ազգային խորհրդանիշի՝ սպիտակագլուխ արծվի քանդակ։ «Հուսով ենք, որ այն իր արժանի և հիանալի տեղը կգտնի Պեկինում։ Սա ձեզ համար է», — ասել է նա՝ ընդգծելով, որ ինքն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը մասնակցել են քանդակի նախագծմանը։

Leave a Comment