Արդյունաբերական ընկերությունների ակցիզային հարկի փոխհատուցման կարգը կվերանա․ ինչ է փոխվում 2027-ից

2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ հարկային օրենսգրքի այն դրույթը, որով սահմանվում է արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված որոշ ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը։ Դրանով պայմանավորված՝ Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 2017 թվականին ընդունված՝ ակցիզային հարկի փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանող որոշումը։

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1208-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելն է:

 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 – 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարները Կառավարության սահմանված կարգով և ժամկետներում փոխհատուցվում են այդ կազմակերպություններին։

Ակցիզային հարկի գումարները փոխհատուցելու կարգը և ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 – 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 1208-Ն որոշմամբ։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն օրենքով 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը։ Հետևաբար, անհրաժեշտ է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1208-Ն որոշումը։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1208-Ն որոշումը։

 Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1208-Ն որոշումն է։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1208-Ն որոշումը։

Միաժամանակ, նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման և եկամուտների նվազեցման։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը: Շարունակաբար բարելավվելու է հարկային վարչարարությունը, էապես կրճատվելու է տնտեսության ստվերային հատվածը՝ այդպիսով հավասար պայմաններ ապահովելով տնտեսական կյանքի բոլոր մասնակիցների համար:

 

 

Leave a Comment