Սպիտակ տունը դատարանին տեղեկացրել է, որ վերականգնել է CNN-ի, MSNBC-ի և Politico-ի լրագրողների մուտքը շենք. այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի գործառնությունների գծով տնօրեն Միկա Ստոպերիչի պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է Associated Press-ը։
Ըստ դատարան ներկայացված փաստաթղթի՝ հինգշաբթի առավոտյան Սպիտակ տունը կարգադրություն է ստացել վերաակտիվացնել լրագրողների մշտական անցագրերը. դրանից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վերականգնել է դրանց գործողության ժամկետը համակարգում և նախկինում առգրավված անցագրերը փոխանցել անվտանգության անցակետ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանձնելու համար։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն արդեն հաստատել են Սպիտակ տանը աշխատանքին վերադառնալու փաստը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Տիմոթի Քելին բավարարել է լրատվամիջոցների համատեղ հրատապ միջնորդությունը և 14 օրով կասեցրել Սպիտակ տան սահմանած սահմանափակումները՝ պահանջելով վարչակազմից «անհապաղ վերականգնել» լրագրողների հավատարմագրումը։ Այդ ընթացքում դատարանը մտադիր է լսել երկու կողմերի փաստարկները։
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սպիտակ տանը CNN-ի, MSNBC-ի և Politico-ի աշխատանքն արգելելու մասին՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։ Ի պատասխան՝ երեք լրատվամիջոցներն էլ հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ՝ պնդելով, որ խախտվել է խոսքի ազատության վերաբերյալ Սահմանադրության առաջին փոփոխությունը։
